Բրազիլիայում բանդայի պարագլուխը փորձել է փախչել բանտից իր 19-ամյա դստեր պես հագնված (տեսանյութ)
Ռիո դե Ժանեյրոյի բանտերից մեկում երկարամյա ազատազրկման դատապարտված թմրավաճառների բանդայի պարագլուխը փորձել է փախչել՝ 19-ամյա դստեր պես հագնվելով, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով քրեակատարողական հիմնարկների տեղական վարչությանը:
Հաղորդվում է, որ 42-ամյա Կլաուվինո դա Սիլվան, որը դատապարտվել է 73 տարվա ազատազրկման, կիրակի համարձակ փախուստի փորձ է ձեռնարկել, երբ այցելուներ է ընդունել, որոնց թվում եղել է նաև նրա դուստրը:
Կերպարանափոխության համար դա Սիլվան օգտագործել է կեղծամ, լատեքսից դիմակ և կանացի բաճկոն, որը զարդարված է եղել վարդագույն դոնաթների նկարներով: Թիկնապահները կարողացել են ձերբակալել հանցագործին «Ժերիսինո» բանտից փախուստի փորձ ձեռնարկելու ժամանակ՝ նկատելով նրա վարքագծի կասկածելի դրսևորումները:
Պորտալի կայքում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ձերբակալվածը բառացիորեն «մերկանում» տեսախցիկի առջև. սկզբում հանում է կեղծամը, ապա դիմակը և վերջապես վերնաշապիկը:
Ըստ վարկածի՝ հանցագործին անհրաժեշտ իրերը բանտ է տարել վերջինիս հղի այցելուն, որին անվտանգության աշխատակիցները չեն խուզարկել:
Հաղորդվում է նաև, որ փախուստի ձախողումից հետո տղամարդուն խիստ ռեժիմի բանտ են տեղափոխել, նրան կարգապահական տույժեր են սպառնում: