Մեկնարկել է Արցախի ԱԳ նախարարի աշխատանքային այցն Ավստրալիա
Մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն Ավստրալիա` Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի հրավերով։
Պատվիրակության կազմում է ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ Ավստրալիայի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, ինչպես նաեւ հայկական համայնքային կառույցների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ հետ։
Կիրակի՝ հուլիսի 28-ին, Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հետ։ Նույն օրը Սիդնեյի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել պատվիրակության անդամների հանդիպումը հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում անկախ եւ ժողովրդավարական պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումները։
Այս համատեքստում նա կարեւորել է հայկական սփյուռքի ներդրումը երկրորդ հայկական պետության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի միջազգային ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։
Այնուհետեւ Մասիս Մայիլյանը եւ Դավիթ իշխանյանը պատասխանել են միջոցառման մասնակիցների բազմաթիվ հարցերին։ Հանդիպումներին մասնակցում էին նաեւ Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը եւ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի նախագահ Հայկ Կայսերյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am