Ինչպես են կործանվում իշխանությունները
Գրեթե ցանկացած միջին վիճակագրական իշխանության ներկայացուցչի թվում է, թե իրենք շատ լավն են, եւ որ իրենք կառավարելու են եթե ոչ հավերժ, ապա երկար ու երկար տարիներ: Սա սկզբում, իսկ քիչ անց այս ամենի հետ մեկտեղ սկսում են կուրանալ եւ չեն տեսնում իրականությունը, իրենց շրջապատող իրականությունը:
Իշխանությունները կործանվում են հենց այս, ինչպես նաեւ եւս մեկ պատճառով՝ նրանք սկսում են քննադատել, ցեխ շպրտել նախորդների վրա, հույսով, որ դրանով կշեղեն հանրության ուշադրությունն իրենց վրայից:
Այսօրվա «հեղափոխական» իշխանություններն ուղիղ գծով եւ շատ արագ գնում են դեպքի կործանում, քանի որ զբաղված են բացառապես նախկին իշխանություններին, շատ նախկին իշխանություններին սեւացնելու եւ նրանց հետապնդելու գործով:
Հետաքրքիրն այն է, որ այս հնարքները կործանվող իշխանություններին չեն օգնում: Հանրությունը սկսում է տեսնել նրանց քայլերն ու գործողությունները: Օրինակ, տեսնում է, որ Սահմանադրական դատարանի գրավման փորձը ոչ թե հանուն երկրի, այլ հանուն առանձին նեղ թիմի շահերի համար է արվում:
Հանրությունը տեսնում է նաեւ, որ պատգամավորը Բաղրամյան պողոտայում գորգ է լվանում, քանի որ այլ գործով պարզապես չի կարողանում զբաղվել կամ իրեն թույլ չեն տալիս զբաղվել:
Հանրությունը տեսնում է շաբաթներով ԱՄՆ-ից հայրենիք չվերադարձող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ նրա մտերիմներին եւ հարցնում՝ ի՞նչ եք անում դուք օվկիանոսից այն կողմ եւ այդքան շատ ժամանակ:
Հուլիսի 14-ից Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ։ Պատվիրակության մի մասն արդեն վերադարձել է, բայց ոչ Արարատ Միրզոյանը: Նա իր մտերիմների հետ շարունակում է պետականաշինչ գործունեությամբ զբաղվել Միացյալ Նահանգներում։
Հիմա հանրությունը հարցնում է ի՞նչ գործ ունի Հայաստանի թիվ երկու պաշտոնյան ԱՄՆ-ում շաբաթներ շարունակ, երբ անգամ Կոնգրեսի եւ Սենատի ղեկավարների հետ չի հանդիպել: Ի վերջո հայ համայնքի հետ կարող է հանդիպել նաեւ Գլենդելի նախկին քաղաքապետը:
Խոսում եք անցյալից, անցյալն եք փորփրում: Հիմա վերադարձեք ներկա եւ ասեք, թե մեր փողերով ինչ արեցիք ԱՄՆ-ում եւ քանի լումայի օգուտ տվեցիք Հայաստանին: Հարցը կոնկրետ է եւ կոնկրետ պատասխան է ակնկալում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am