ԵՄ-ն շնորհավորել է Ջոնսոնին, սակայն հասկացրել, որ չի նահանջի բրեքսիտի վերաբերյալ դիրքորոշումից
Եվրամիությունը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնին, սակայն հասկացրել, որ հաշվի չի առնի Բրեքսիտի պայմանների վերանայման վերաբերյալ նրա նախընտրական խոստումները, հաղորդում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Ջոնսոնի հետ:
«Մենք վարչապետ Ջոնսոնի հետ կառուցողական աշխատանքի հույս ունենք, որպեսզի հեշտացնենք դուրս գալու մասին (ԵՄ-ից Բրիտանիայի) համաձայանգրի վավերացումը եւ հասնենք կարգավորված բրեքսիտին», - ասել է ԵՄ բանակցող Միշել Բարնյեն:
«Մենք պատրաստ ենք վերամշակել նոր գործընկերության մասին համաձայնեցված հռչակագիրը», - հավելել է նա՝ վկայակոչելով քաղաքական հայտարարությունը, որը կցված է բրեքսիտի մասին իրավական համաձայնագրին:
Ջոնսոնի հաղթանակի մասին հայտարարելուց մի քանի րոպե առաջ ԵՀ նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսն ասել է, որ ԵՄ-ն չի համաձայնի փոխել գործարքը, որը նա կնքել է հեռացող վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այս գործարքը երեք անգամ մերժվել է Բրիտանիայի խորհրդարանի կողմից:
«Մեծ Բրիտանիան համաձայնության է հասել Եվրամիության հետ, եւ ԵՄ-ն կհետեւի այդ համաձայնագրին», - ասուլիսի ժամանակ ասել է Թիմմերմանսը : «Սա լավագույնն է հնարավորից»:
Նրա խոսքով, ԵՄ-ն հավատարիմ կլինի Brexit -ի վերաբերյալ դիրքորոշմանը եւ Ջոնսոնի անձը նշանակություն չունի:
«Մենք կլսենք, թե ինչ կասի նոր վարչապետը, երբ նա կգա Բրյուսել», - ասել է Թիմերմանսը:
«Առանց գործարքի, կոշտ բրեքսիտը ողբերգություն կլիներ բոլոր կողմերի, այլ ոչ թե միայն Բրիտանիայի համար», -ասել է Թիմերմասնը:
«Մենք բոլորս կտուժենք, եթե այդպես լինի»: