Ուկրաինայում քվեների ավելի քան 90%-ի հաշվարկից հետո Զելենսկիի կուսակցությունն առաջատար է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Գերագույն ռադայի ընտրությունների քվեաթերթիկների 92,33%-ի հաշվարկից հետո պահպանել է առաջատարի դիրքը, գրում է ria.ru-ն՝ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով: Այս կուսակցության օգտին քվեարկել է քաղաքացիների 43,11%-ը:
Երկրորդ տեղում Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի» կուսակցությունն է՝ 13,03% ձայներով: Երրորդ տեղում է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Հայրենիք» կուսակցությունը (8,17%): Նրան հետևում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը (8,15%), հնգյակը եզրափակում է երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն»-ը՝ 5,87%-ով:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել էին կիրակի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է պաշտոնական արդյունքները հրապարակի մինչև օգոստոսի 5-ը ներառյալ:
Հաշվի առնելով միամանդատ շրջաններում ընտրությունների նախնական արդյունքները՝ «Ժողովրդի ծառա»-ն կարող է խորհրդարանում մեծամասնություն կազմել և ինքնուրույն կառավարություն ձևավորել՝ առանց այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու: