Ինչո՞ւ իշխանությունը շատ արագ կտրվեց հասարակությունից, կամ՝ բռնապետությաւն վտանգները
«Փաստ» թերթը գրում է.
Հասարակություն-իշխանություն կապը, նախկինից տարբերվող վարքագիծն ու նոր դրսևորումները վերլուծելու ճանապարհը քաղաքագետ Գագիկ Համբարյանին ավելի վաղ ժամանակահատված տարավ, երբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր գործիչ էր: «Երբ պարոն Փաշինյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, մշտապես քննադատության էր ենթարկում իշխանություններին հասարակությունից կտրված լինելու համար: Քննադատում էր հատկապես Սերժ Սարգսյանին: Ասում էր, որ նախկին իշխանությունները բացարձակ չեն տիրապետում իրավիճակին, չգիտեն, թե հասարակության տրամադրություններն ինչպիսին են: Քննադատում էր, որ շրջում էին բազմաթիվ թիկնապահներով ու ժողովրդի հանդեպ իրենց կոպիտ պահում: Ժողովուրդն իր հերթին ուրախությամբ էր ընդունում Ն. Փաշինյանի այդ ելույթները: Այսպես կոչված` թավշյա հեղափոխության ժամանակ հասարակության մի ստվար զանգված կանգնեց Ն. Փաշինյանի կողքին հենց նրա համար, որ նաև վերոնշյալ խնդիրները չլինեն, որ դրանք արագ լուծում ստանան»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը` շեշտելով, որ նախորդ իշխանություններն ապրում էին իրենց ստեղծած աշխարհում:
«Չէին պատկերացնում, թե հասարակության մեջ ի՞նչ տրամադրություններ կան իրենց նկատմամբ, թե հասարակությունն ինչպես է գնահատում իրենց կողմից իրականացվող կառավարումը: Այդուհանդերձ, եթե նախկին իշխանություններին հասարակությունից կտրվելու համար բավականին երկար ժամանակ «պահանջվեց», ապա ներկայիս իշխանություններին դրա համար շատ ավելի քիչ ժամանակ էր պետք: Այն, ինչը տեղի ունեցավ ՀՀԿ-ի հետ տարիների ընթացքում, այս իշխանության պարագայում շատ ավելի արագ տեղի ունեցավ: Այդ համատեքստում կարող ենք արձանագրել հենց այն փաստը, որ պարոն Փաշինյանը շատ արագ մոռացավ իր խոստումները, և շատ արագ սկսեց կրկնօրինակել Սերժ Սարգսյանի վարքագիծը, ինչը գոնե Գյումրիում տեսանելի էր: Մարդիկ կհիշեն, երբ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում մի կնոջ ասել էր, որ «եկել ու իրենց տոնը փչացնում է»: Սերժ Սարգսյանն այդ խոսքի համար խիստ քննադատության ենթարկվեց: Պարոն Փաշինյանը գրեթե նույն բանն արեց Գյումրիում. արձագանքելով մի կնոջ հարցի` ասաց, որ դրա համար չեն հավաքվել: Խնդիրն այն է, որ իշխանությունը շատ արագ կտրվեց հասարակությունից:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: