Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. ԵՄ դեսպան
Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը ճիշտ ճանապարհին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Թույլ տվեք կրկնել նախագահ Տուսկի հայտարարությունը Երևանում. մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ այս պահին: Բոլոր գործոնները, որոնք հաշվի են առնվում հարաբերությունները գնահատելու համար, թույլ են տալիս ասել, որ մենք ունենք ակտիվ ու բարեկամական հարաբերություններ: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասաց դեսպանը:
Սվիտալսկին նշեց, որ նշանակալիորեն մեծացել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մակարդակը: Դեսպանը նշեց, որ հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունն ավելի մեծ է, քան՝ Վրաստանի դեպքում:
Ըստ նրա՝ հայերի 60 տոկոսից ավելին դրական են ընկալում ԵՄ-ն, վստահում են, ավելի քան 70 տոկոսը տեղյակ են ՀՀ-ին ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության մասին: