ԱՄՆ-ն ռազմական գործողություն է պատրաստում Պարսից ծոցում
ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները «Պահապան» անվանումով ռազմական գործողություն է մշակում, որը միտված է լինելու Մերձավոր Արևելքում ծովային ուղիներն անվտանգ դարձնելուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պարսից ծոցում գործողության նախապատրաստումը սկսվել է ուրբաթ միջազգային նորմերի խախտման պատճառով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից բրիտանական լցանավի կալանման ֆոնին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Ռիչարդ Սփենսերը հավանություն է տվել զորակազմի՝ Սաուդյան Արաբիա ուղարկմանը՝ մերձարևելյան տարածաշրջանում «ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար»:
«ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը մշակում է «Պահապան» միջազգային ծովային գործողությունը, որպեսզի ուժեղացնի հսկողությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում կարևոր ջրային ուղիների գծով, որպեսզի ապահովի ազատ նավագնացությունը Պարսից ծովի շրջանում վերջին դեպքերի լույսի ներքո»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել են Կենտրոնական հրամանատարությունից, ԱՄՆ-ն կհամակարգի իր գործողությունները դաշնակիցների հետ:
Միացյալ Նահանգների ու Իրանի՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի էին սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին:
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը Հորմուզի նեղուցի շրջանում իրանական անօդաչու սարք է խոցել: Նրա խոսքով՝ անօդաչու սարքը սպառնացել է և՛ ԱՄՆ նավի, և՛ նրա անձնակազմի անվտանգությանը, այդ պատճառով էլ ոչնչացվել է: Թրամփը կոչ է արել մյուս երկրներին դատապարտել Իրանի գործողությունները և պաշտպանել իրենց նավերը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները, որոնք հիմնականում ուղղված են գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: