Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը
ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը` ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Պյոտր Գավլիչեկի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և Հասարակության հետ կապերի վարչությունը:
ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են «Հեռավար դասընթացի ստեղծում և զարգացում» խորագրով գործնական դասընթաց, որի շրջանակում ներկայացվել են հեռավար դասընթացների ստեղծման մեթոդաբանությունը և արդի գործիքակազմը:
Դասընթացի արդյունքների ամփոփման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում հեռավար տարաբաշխված ուսուցման կարողությունների ներդրման ուղությամբ իրականացվող աշխատանքները և հետագա ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի կողմից նմանատիպ դասընթացների շարունակականության ապահովման, ինչպես նաև համապատասխան խորհրդատվության և մասնագիտական գրականության տրամադրման վերաբերյալ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում