«Նրա համար դա պատվի հարց էր». Սաակաշվիլին հայտնել է՝ որքան ճշտապահ է եղել Զելենսկին իր ուկրաինական քաղաքացիությունը վերականգնելու հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չափազանց ճշտապահ է գտնվել Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունը վերադարձնելու հարցում: Այս մասին նա հայտնել է Цензор.НЕТ-ին տված հարցազրույցում:
«Նա զանգահարեց ինձ առավոտյան ժամը 7-ին, արթնացրեց ու ասաց, որ ժամը 2-ին կվերադարձնի իմ քաղաքացիությունը, ու հենց ժամը 2-ին էլ դա արեց՝ րոպեական ճշտությամբ: Ես Ուկրաինայում նման բանի սովոր չէի, դա հրաշալի է»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ քաղաքացիությունը վերադարձնելու հրամանագիրը Զելենսկիի համար «պատվի հարց» է եղել, քանի որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուկրաինացիների մեծ մասը կողմ է եղել դրան:
«Կարծում եմ՝ նա հանրությամբ նույնպես առաջնորդվում է, խոստացել է այդպես վարվել, իսկ եթե խոստացել է, նշանակում է՝ կանի: Դա նույնպես նրա համար պատվի հարց է: Բոլորն ամեն ինչ խոստանում են, բայց ոչ ոք երբեք խոստումը չի կատարում»,- ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի 3-րդ նախագահն Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել 2015թ.-ի մայիսին և 2017թ.-ի հուլիսին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով զրկվել էր դրանից: Մայիսի 28-ին Զելենսկին նրան էր վերադարձրել ուկրաինական քաղաքացիությունը, և Սաակաշվիլին կարողացել էր Կիև վերադառնալ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում