Եվրահանձնաժողովի նոր նախագահը կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը
Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կողմ է արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությանը:
«Մենք ականատեսն ենք Մոսկվայի թշնամական քաղաքականության», - իտալական La Repubblica թերթի հետ զրույցում ասել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը` հավելելով, որ դրան պետք է պատասխանել ուժի դիրքերից:
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարարը Եվրահանձնաժողովի նախագահ է ընտրվել անցած երեքշաբթի օրը՝ դառնալով առաջին կինը, ով նման բարձր պաշտոն է զբաղեցնում Եվրամիությունում: Նա պաշտոնեական լիազորությունները կստանձնի նոյեմբերի 1-ից:
Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության մասին հարցին ի պատասխան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունն ունի հնարավորություն հակազդելու այդ խնդրին:
«Կրեմլը չի ներում ոչ մի թուլություն: Մեր ուժի դիրքերից մենք պետք է աջակցենք պատժամիջոցներին, միևնույն ժամանակ երկխոսություն առաջարկենք», - ասել է գերմանացի քաղաքական գործիչը:
Նա նշել է, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Ռուսաստանի զրպարտիչ արշավի չեզոքացման հարցում Եվրամիությունը կատարելագործվում է: «Որպես ժողովրդավար՝ մեր առավելությունն այն է, որ պատասխանենք թափանցիկությամբ, ազատ մամուլով և բաց քննարկումներով», - ընդգծել է Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում