Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից. Վահագն Վարագյան
ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ կենտրոնը գործում է 90-ականներից, և վերջին ամիսների ընթացքում շրջանառվում է կենտրոնի լուծարման հարցը:
«Հարցը դիտարկում ենք բարոյական, քաղաքական և իրավական տեսանկյունից: Իշխանությունների կողմից հստակ ուղղորդում կա, որ կենտրոնը լուծարվի: Հոգաբարձուների նիստում ամեն ինչ արվում է այս հարցին անօրինական լուծում տալու համար», - ասաց նա:
Վարագյանի խոսքով՝ հարցը քաղաքական է նաև նրանով, քանի որ ինքը մի քանի անգամ հայտարարել է, թե չի կիսում այս իշխանությունների տեսակետն ու գործելաճը:
«Շարունակելու եմ մնալ Հանրապետական կուսակցության անդամ և դա որևէ կերպ չի խանգարում ու չի խանգարել իմ գործունեությանը», - ասաց Վարագյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ իրավական լուծում փորձեն տալ, Վարագյանն ասաց, թե դեռ որևէ որոշում չի կայացրել:
«Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից: Իմ աշխատանքում երբեք քաղաքական դիրքորոշում չեմ հայտնել: Փորձում են այլակարծությունը վերացնել համալսարանից: Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ոտնահարվում է ԵՊՀ կանոնադրությունը, քանի որ վստահ եմ, այս աշխատանքները համակարգում է ինքը», - ասաց Վահագն Վարագյանը:
Նա ասաց նաև, որ հոգաբարձուների խորհրդի նիստ է անցակացվում առանց օրակարգի հաստատման, դա անօրինական է:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հունիսի 28-ի հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին հարցն էր։ Հարցի վերաբերյալ ծավալվել էին քննարկումներ, որոնց արդյունքում առաջարկվել էր հարցի քննարկումը և հաստատումը տեղափոխել հաջորդ նիստին: Քվեարկության արդյունքում առաջարկությունը չէր անցել: Չէին ընդունվել նաև կենտրոնը լուծարելու կամ այն ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միացման առաջարկությունները:
Այժմ, պարզվում է, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը կրկին բերվում է Հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում