Այս ամենից հետո ինչպե՞ս է Փաշինյանը մտնելու Իջեւան
Չորեքշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւանում տեղի ունեցած բախումների դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկվել 22 անձ, 3 անձ ներկայացել է ինքնակամ:
Ի դեպ, հենց կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունից դժգոհեց, թե ինչու է ձերբակալվածների թիվը քիչ եւ նշեց, թե քանի հոգի պետք է բերման ենթարկվեն կամ ձերբակալվեն, որից հետո ոստիկանները ներխուժում են իջեւանցիներից առնվազն երկուսի տուն եւ ամենալկտի եւ ցինիկ ձեւով բերման ենթարկում երկու երիտասարդի:
Իջեւանում այս մասին լավ գիտեն: Իջեւանցիները դեռ փորձում են հասկանալ ում հետ գործ ունեն եւ ինչ պետք է անեն: Ի դեպ, 22 անձանցից 13-ը ձերբակալված են, 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 4 անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի կարգավիճակ:
Եւ ամենակարեւորը՝ Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը թիվ է ասել՝ այն պետք է կատարվի: Վերադարձ հին եւ ոչ բարի սովետական տարիներ:
Հատուկ ընդգծենք, որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում եւ ոչ մի ղեկավար՝ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը ոստիկանությունից չեն պահանջել այս կամ այն դեպքից հետո ձերբակալել կոնկրետ թվով մարդկանց: Այս ավանդույթը խախտվեց:
Հավելենք, որ ձերբակալվածներին ներկայացվել են բավական ծանր մեղադրանքներ, որի հետեւանքով իջեւանցի մի քանի տասնյակ երիտասարդ տարիներ շարունակ անցկացնելու են բանտում:
Եւ ինչպես սովետական տարիներին, հայտարարում են, թե բողոքողները ժողովրդի կարծիքը չէին արտահայտում, այլ մի խումբ անձանց: Իսկ ո՞վ է ասում, թե բողոքողներն ամբողջ Իջեւանի կարծիքն էին արտահայտում: Նրանք կոնկրետ հարց են բարձրացրել՝ ինչու ոմանք կարող են ծառ կտրել, իսկ իրենք՝ ոչ: Ընդամենը: Պատասխան տվեք այդ հարցին եւ ոչ թե մարդուն հասցրեք այնտեղ, որ միջպետական ճանապարհ փակի, որը, ի դեպ, սովորել են հենց գործող վարչապետից:
Եւ հիմա իջեւանցիներին մի հարց է հուզում՝ ինչպե՞ս է իրենց համաքաղաքացի Նիկոլ Փաշինյանը նայելու իջեւանցիների աչքերին, ինչպես է մտնելու քաղաք եւ ինչ է ասելու իրենց:
Ի դեպ, ծառահատումներին դեմ են նաեւ հենց իջեւանցիները, բայց նույնիսկ նրանք ովքեր դեմ են, չեն հասկանում, թե ինչու նման վերաբերմունքի արժանացան նրանք, ովքեր իրենց ընտանիքները երկար տարիներ պահում էին փայտի վաճառքով, եւ ինչու ոմանք կարող են փայտ վաճառել, իսկ մյուսները՝ ոչ: Եւ իջեւանցիներին հուզող ամենակարեւոր հարցը՝ ինչու Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թիվ նշեց եւ հրահանգեց ձերբակալել բոլորին:
Ընդամենն օրեր առաջ Երեւանում հականիկոլական ցույց եղավ, որից Փաշինյանը որեւէ հետեուևթյուն չարեց: Օրեր առաջ Իջեւանում բոքոքի գործողություն էր, որը տնտեսական պահանջ էր պարունակում, բայց իրավապահների գործողության հետեւանքով վերաճեց հականիկոլական բողոքի գործողության: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասում է, թե տեղի ունեցածը մի քանի անձի կողմից կազմակերպված սադրանք է: Իրականում այս ամենի կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է իր արած աշխատանքով, իր հռետորաբանությամբ, իր անհասկանալի նկրտումներով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am