Ռուսաստանը պատրաստ է Թուրքիա մատակարարել Սու-35 կործանիչները՝ թուրքական կողմի ցանկության դեպքում
Ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիան պատրաստ է Թուրքիա մատակարարել Սու-35 կործանիչները՝ թուրքական կողմի համապատասխան ցանկության դեպքում: Այս մասին այսօր հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եթե մեր թուրք գործընկերները նման ցանկություն հայտնեն, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակը գրավոր կերպով հայտնել էր, որ Թուրքիայի որոշումը՝ գնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր, անհնարին է դարձնում նրա հետագա մասնակցությունը 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին:
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի գնումների հարցերով տեղակալ Էլեն Լորդն էլ հայտնել է, որ Թուրքիան առանց F-35 ծրագրի կզրկվի 9 մլրդ դոլարի ներդրումներից:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին: