ԱԱԾ-ն չի պատասխանել, իսկ Ոստիկանությունն ու ՀՔԾ-ն տեղեկություն չտրամադրեցին
Օրեր առաջ դիմել էինք ՀՀ ԱԱԾ, Ոստիկանության եւ ՀՔԾ ղեկավարությանը, խնդրելով մեր կազմակերպությանը տեղեկատվություն տրամադրել, թե արդյո՞ք վերջին վեց ամսվա ընթացքում քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձինք նախաքննության մարմինների թույլտվությամբ հատել են ՀՀ սահմանը, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա դատավարական ինչպիսի փաստաթղթի հիման վրա է իրականացվել ՀՀ սահմանի հատումը:
Մենք այս հարցումով դիմել էինք հաշվի առնելով մամուլի որոշ հրապարակումներ, համաձայն որի, կասկածյալի կամ մեղադրյալ կարգավիճակում գտնվող որոշ անձինք կարողանում են դուրս գալ երկրի սահմաններից, իսկ ոմանք՝ ոչ:
Մեր դիմումին մինչ օրս ԱԱԾ-ն այդպես էլ չի արձագանքել, իսկ ՀՔԾ-ն եւ Ոստիկանությունն իրենց պատասխաններում նշել են, որ տարբեր պատճառներով չեն կարող պատասխանել մեր հարցին եւ տեղեկատվություն տրամադրել:
Այսպես, Ոստիկանության պատասխանում նշված է.
«Քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ելքը ՀՀ-ից թույլատրելու վերաբերյալ ձեր հարցման կապակցությամբ տեղեկացվում է, որ ՀՀ ոստիկանությունը անձանց սահմանային տեղաշարժը հսկելու, այն թույլատրելու կամ արգելելու լիազորություններ չունի»:
Այնուհետեւ նշվում է. «Ելնելով վերոգրյալից, կասկածյալի կամ մեղադրյալի՝ ՀՀ-ից ելքը թույլատրելու վերաբերյալ տեղեկությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում նախաքննությունն իրականացնող մարմիններին, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը»:
Ի դեպ, մեզ զարմացրեց, որ ՀՀ Ոստիկանությունից ստացված նամակի դրոշմակնիքում առկա գրառումը բացառապես ռուսերենով էր. «ГУУР ПОЛИЦИИ РА, г. Ереван»:
Իր հերթին ՀՔԾ-ն իր պատասխանում նշել է.
«Դիմումով հայցվող տեղեկատվությունը տրամադրել հնարավոր չէ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում համապատասխան հաշվառում չտարվելու պատճառով»:
Մեզ մնում է սպասել ԱԱԾ-ի պատասխանին, որտեղ հուսով ենք, վերջապես կստանանք մեր հարցի պատասխանը:
«Ազատ միտք եւ ազատ խոսք» ՀԿ