«Ուկրաինայի բոլոր գործընկերները դեմ էին Պուտինին զանգահարելուն, բայց ես որոշեցի». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասները, որի ընթացքում խոսվել էր նաև գերիների ազատ արձակման մասին, գրում է ukrinform.ru-ն:
Ուկրաինացի առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայի բոլոր գործընկերները դեմ են եղել նրան, որ նա զանգահարի ՌԴ նախագահին:
«Ուկրաինայի բոլոր գործընկերները դեմ էին նրան, որ ես զանգահարեմ Պուտինին: Ես որոշեցի, որովհետև այդ հարցն ամենից առաջ Ուկրաինայի ու մեր քաղաքացիների հարցն է: Մենք պետք է շնորհակալ լինենք մեր արևմտյան գործընկերներին աջակցության համար, սակայն ունենանք նաև մեր կարծիքը»,-ասել է Զելենսկին:
Նա նաև նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում նա քննարկել է «Բոլորին բոլորի դիմաց» ձևաչափով գերիների հանձնման հարցը:
«ՌԴ նախագահն ինձ ասաց, որ հարցի լուծումը տեսնում է գերիների՝ «Բոլորին բոլորի դիմաց» ձևաչափով հանձնման մեջ: Բանն այն է, որ օկուպացված տարածքներում գտնվող մեր քաղաքացիների ցանկը չի համընկնում այն մարդկանց ցուցակների հետ, որոնք վերահսկում են այդ տարածքները: Եկեք սկզբից վերադարձնենք բոլոր նրանց, որոնք պահվում են Ռուսաստանում ու Ղրիմում, և սկսենք ուկրաինացի ծովագնացներից: Ինձ թվում է՝ երկխոսությանը վերադառնալու համար նորմալ քայլ է և հզոր քայլ պատերազմի ավարտման համար»,-հայտարարել է նա: