Հարցազրույց, որը միայն հարցեր եւ մտահոգություններ առաջացրեց
Պետության առաջընթացի, զարգացման, պետության քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման մասին մտածող ղեկավարը երբեք բաժանարար գծեր չի գծում, երբեք ատելություն եւ բացասական լիցքեր չի տարածում: Ընդհակառակը, յուրաքանչյուր բառով, նախադասությամբ, գործով ամեն ինչ անում է առկա բացասական էներգետիկան վերացնելու, համերաշխության եւ առաջընթացի համար բարենապաստ մթնոլորտ ձեւավորելու համար:
Երբ պետության թիվ մեկ պաշտոնյան խոսում է տանկերով ցանկացած ընդդիմադիր դրսեւորում ճնշելու մասին, նշանակում է, որ նրա գլխում շարունակ պտտվում է այդ միտքը եւ նա այդ մասին մտածում է: Ընդ որում, բոլորովին կապ չունի, թե հանրության այս կամ այն հատվածն այս կամ այն գործչին քաղբանտարկյալ համարում է, թե ոչ:
Երբ պետության թիվ մեկ ղեկավարն ասում է, թե ՍԴ-ն պետք է լինի այնպիսին եւ ունենա այնպիսի կազմ, ինչպես ես եմ ուզում, եւ դա ձեւակերպելով 2019-ի պահանջ, նշանակում է նա մեկ նպատակ ունի՝ ձեւավորել իրեն (ժողովրդին) սպասարկող ՍԴ:
Համաձայնվեք, որ տանկերով ընդդիմադիր դրսեւորումներ ճնշելու մասին մտածող ղեկավարը հաստատ ՀՀ շահերի սպասարկու ՍԴ չի կարող ձեւավորել:
Եւ վերջապես, երբ տասնչորս ամսվա կառավարման ձեռք բերում համարվում է ժողովրդավարությունը եւ հուզական մթնոլորտում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եւ ինքնակառավարման մարմինների մի քանի ընտրություն, որոնց ժամանակ մարզպետներն ամեն կերպ միջամտում էին ընտրական գործընթացներին, ակամ տխրում եւ մտահոգվում ես:
Եւ այստեղ ինչպես չասես, որ չի կարող ժողովրդավարություն լինել այն երկրում, որտեղ նախկին նախագահը քաղբանտարյալ է, որտեղ ինքնուրույն որոշում կայացնող դատավորը հետապնդման է ենթարկվում մեկ հոգու ցուցմունքով, որտեղ ծանր հիվանդ մարդը կալանավորված է եւ ծաղրուծանակի է ենթարկվում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսազրույցներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եւ երկրի նախագահ են կալանավորում, որտեղ հայտարարում են, թե բանկում ով որքան հաշիվ ունի, որտեղ վարչապետը հայտարարում է դատարանները շրջափակելու մասին եւ չի փոշմանում այդ քայլի համար, որտեղ վարչապետը հայտարարում է, թե կա արդյոք դատավոր, որ իր ասածը չի անի, որտեղ երեսունականների ոգով եւ ձեւով ուզում են «չիստկա» իրականացնել, որտեղ կեղծ եւ իրականության չհամապատասխանող վիճակագրական տվյալներ են հրապարակում, որտեղ...
Եւ կրկին հարցազրույց, որը ոչ թե համերաշխության եւ զարգացման, այլ ատելության եւ նահանջի մթնոլորտ է ձեւավորում: Տխուր եւ մտահոգիչ իրականություն:
Վարդան Մխիթարյան
Top-News.am