«Ինչո՞ւ թալանչիները բանտում չեն»․ Փաշինյանը պատասխանում է այս մեղադրանքին
Հանրության կողմից իշխանություններին հաճախ հարց-մեղադրանք է ուղղվում՝ ինչո՞ւ թալանչիները բանտում չեն։ Այս մեղադրանքի հեղինակներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանը համարում է ինքն իրեն։ Այս մասին նա ասաց «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ ու պատասխանեց այդ մեղադրանքին։
Վարչապետն ասաց, որ չի կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ իրենք ունեն քաղաքական կամք այդ ամենին հասնելու համար, բայց շատ կարևոր է, որ այդ ճանապարհը նույնպես կառուցվի այնպես, որ ժողովրդավարությունը չտուժի։ Բայց կան նաև ընթացակարգային խնդիրներ։
«Օրինակ՝ կան քրեական գործեր, ես մեր գործընկերներին հրավիրում եմ, ասում եմ՝ լավ, էս քրեական գործը արդեն 7-8-9 ամիս է՝ շարունակվում է, փաստերը կան, ինչո՞ւ առաջ չի գնում։ Եվ կա, օրինակ, էսպիսի պատասխան, որ այդ մեղադրանքը պետք է փորձաքննությամբ հաստատվի»,- ասաց Փաշինյանը։
Կոնկրետ օրինակով նա խոսեց նախկին պաշտոնյաներից մեկին առնչվող գործից։ Այդ նախկին պաշտոնյան, ըստ Փաշինյանի, անշարժ գույքի հարյուրավոր միավորներ ունի Երևանի փոքր կենտրոնում, բայց որպեսզի գնահատվի այդ ամբողջի գույքը, չկան համապատասխան սարքավորումներ, և փորձաքննություն անողները ստիպված են ուղղակի մետրով չափել գույքը, ինչը դանդաղեցնում է այդ գործի քննությունը։
Քննչական մարմիններն էլ, ըստ Փաշինյանի, հայտնում են, որ փորձագիտական ու նաև տեխնիկական կարողություններ չունեն։
«Մենք էսօր 300-400 հազար դրամ ստացող քննիչին ասում ենք՝ այ, գնա էդ, որ պետությունից 100 միլիոն դոլար է գողացել և մի 100 միլիոն դոլար էլ բանկում ունի, հիմա գնա, այ դրան բեր, պատասխանատվության կանչի։ Ասենք, որ էդ մեկը գալիս է հարցաքննության, երևի մենակ ժամացույցը՝ քննիչի ամբողջ կյանքի աշխատավարձն է»,- ասաց Փաշինյանը։
Ավելին, ըստ վարչապետի, քննիչները երբեմն հրաժարվում են գործերն ուղարկել դատարաններ, քանի որ ափսոսում են այդ գործերը վստահել ներկա դատավորներին։
«Ասում են՝ մեր 400 հազար դրամ աշխատավարձով մեր օր ու գիշեր արած աշխատանքը ուղարկենք, որ մեզ ու Ձեզ հայտնի դատավորները չագուճը խփեն սեղանին, ասեն՝ ցտեսություն, հարգելի թալանչի, կոռումպացված, գնա, հետո կտեսնվենք, ֆիզկուլտ պրիվետ», – պատմեց Փաշինյանը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում