Ռոբերտ Քոչարյանը եւ Մանվել Գրիգորյանը քաղբանտարկյալներ են
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը և Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասացին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ:
Միհրդատ Մադաթյանը կարծիք հայտնեց, որ այդ կարգավիճակը Եվրոպան շուտով կտա նրան: «Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը ներկայումս բավականին բարձրացել է: Նա իսկապես ունի արված գործ»,-ասաց նա և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է՝ ինչպես «փակի» Ռոբերտ Քոչարյանին, քանի որ իր միակ ալտերնատիվ է համարում հենց նրան: Մադաթյանը նկատեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր հյուրերին զբոսանքի է տանում Ռոբերտ Քոչարյանի կառուցած Հյուսիսային պողոտայում:
Մարինա Խաչատրյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ բացի Ռոբերտ Քոչարյանից, քաղբանտարկյալ է համարում նաև Մանվել Գրիգորյանին:
«Ես՝ որպես բժիշկ, սրտի ցավով եմ նայում, թե ինչ են անում այդ մարդու հետ»,-ասաց նա և նշեց, որ դեռևս պարզ չէ, թե ինչի համար է դատապարտված Գրիգորյանը, ինչպես կարելի է նման առողջական վիճակում այդ մարդուն կալանքի տակ պահել:
«Պարզապես ուզում են, որ այս մարդը չխոսի: Եթե երկրորդ նախագահը, լինելով ուժեղ անձնավորություն, ունենալով կրթված ընտանիք, պայքարում է, խաղում է, և իր ռեյտինգը բարձրանում է, ապա, Մանվել Գրիգորյանը, կարծես, հույսը կորցրել է»,-ասաց նա:
Մարինա Խաչատրյանը նշեց, որ եթե Մանվել Գրիգորյանը կատարել է հանցագործություն, պետք է պատասխան տա, ինչպես և բոլորը: «Բայց ես ուզում եմ Մանվել Գրիգորյանին լսել, տեսնել մեդալի երկրորդ կողմը»,-ասաց նա: