Ո՞վ է պատասխան տալու քարաթափումից զոհված կնոջ եւ նրա 12-ամյա դստեր համար
Օրեր առաջ Հայաստանում հերթական ողբերգությունը տեղի ունեցավ: Հերթական ամենաթողության հետեւանքով քարաթափման հետեւանքով զոհվեց երիտասարդ մի կին եւ նրա 12-ամյա դուստրը:
Լուրը հաղորդվեց, բոլորն ախ ու վախ արեցին, տխրեցին, հայհոյեցին եւ անցան առաջ: Բայց տրմաբանական հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխան տալու այս ողբերգության համար, որը կարող էր եւ չլիներ:
Իհարկե, կարող են ասել, թե քարաթափումը հնարավոր չէ կանխատեսել: Սա եւս սուտ է՝ հնարավոր է: Գուցե ժամկետները հնարավոր չէ նշել, բայց որ ցանկացած միջին մակարդակի մասնագետ կարող է մատնանշել քարաթափման հնարավոր վայրերը՝ փաստ է:
Այլ կերպ ասած, ճանապարհի այդ հատվածը պետք է պաշտպանված լիներ, իսկ քանի դեռ պաշտպանված չէ, ապա երթեւեկությունն էլ պետք է արգելված լիներ:
Չի եղել ոչ արգելապատնեշ, չի եղել փակ ճանապարհ: Այսպիսով, պաշտոնյաների անգործության պատճառով մարդիկ են զոհվել, որի համար, կարծես թե, որեւէ մեկը չի պատրաստվում պատասխանատվության ենթարկվել:
Քիչ թե շատ իրեն հարգող երկրում նման պատահարից հետո հրաժարականներ կլինեին, իսկ եթե հանկարծ չլինեին, ապա կլինեին խայտառակ պաշտոնանկություններ:
Լոռու մարզպետը հանգիստ աշխատանքի է գնում, հանգիստ աշխատանքի է գնում Հայաստանի ճանապարհների համար պատասխանատու նախարարը, նույն ինքը ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը:
Իսկ մի երկրում, որը հրաժարականների մշակույթ չունի, զարգանալու մասին պետք է անգամ չմտածի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am