Արագածոտնի մարզպետը տուգանվել է ճանապարհ փակելու համար. մանրամասներ
Արագածոտնի մարզպետը տուգանվել է ճանապարհ փակելու համար. մանրամասներ
Օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Միքայել Մելքումյանի գլխավորությամբ, կայացրել է մի դատական ակտ, ըստ որի՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին իրավախախտ է ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է` հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Նշենք, որ տվյալ իրադարձությունները տեղի են ունեցել 2013 թվականի օգոստոս ամսին եւ հայտնի են «կոմիտասյան դեպքեր» անվամբ: 24.08.2013 թվականին Դավիթ Գևորգյանն իրականացրել է բողոքի ակցիա` ուղղված նույն հասցեում «Լիբեր» ՍՊ ընկերության կողմից իրականացվող կառուցապատման աշխատանքների դեմ: Գևորգյանը նկատել է, որ ոստիկանական շարքից այն կողմ գտնվող հավաքի մի քանի մասնակիցների ոստիկանները բռնությամբ նստեցրել են ոստիկանական մեքենան՝ փորձելով տեղափոխել: Հավաքի մասնակիցնրը փորձել են խոչընդոտել ոստիկանական մեքենայի ընթացքը, քանի որ ոստիկանությունը որևէ պահանջ չէր ներկայացրել և որևէ բացատրություն չէր տվել: Հավաքի մասնակիցներին ոստիկանները բռնի ուժով հեռացրել են մեքենայի դիմացի հատվածից և մեքենան հեռացել է, ինչից հետո հավաքի մասնակիցները, ի նշան բողոքի, փակել են փողոցը: Ոստիկանները առանց որևէ պահանջ հնչեցնելու շրջապատել են հավաքի մասնակիցներին և, բռնի ուժ կիրառելով, փորձել են նրանց հեռացնել փողոցի երթևեկելի մասից:
Նշենք, որ ըստ որոշման՝ Դավիթ Գևորգյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 50000 ՀՀ դրամի չափով տուգանքի, որն էլ ըստ datalex.am կայքի նա բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան:
Հետաքրքրականն այն է, որ դատարանը որոշումը կայացրել է ընդամենը 2 ամիս առաջ՝ 16.05.2019 թվականին, այսինքն՝ դեպքերից շուրջ վեց տարի անց միայն:: Այսինքն՝ նույնիսկ հեղափոխական Հայաստանում ոստիկանությունը պնդում է, որ արդեն մարզպետ, նախկինում ակտիվիստ Դավիթ Գևորգյանը խախտել է հասարակական կարգը և չի կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը:
Ստացվում է, որ ըստ Ոստիկանության տրամաբանության, Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության 100 հազարավոր մասնակիցները պոտենցիալ իրավախախտներ են և հնարավոր է նրանք էլ ենթարկվեն վարչական պատասխանատվության:
ArmDaily.am-ը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ, սակայն վերջինիս հետ զրուցել չհաջողվեց:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում