Սկանդալ՝ սոցապ պաշտոնյայի մասնակցությամբ
168.am-ը գրում է.
«Պետական պաշտոնյաները սկսել են Ֆեյսբուքով գրել միմյանց դեմ:
Օրերս Սոցիալական ապահովության ծաառյության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Եվ նկատենք, անկախ այն բանից, թե ինչ բովանդակություն ունի պաշտոնյայի գրառումը, միևնույն է, երևույթն ինքնին խոսում է այն կարևորագույն խնդրի մասին, որ պետական կառավարման օղակներում իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», և շունը տիրոջը չի ճանաչում: Այլ հարց է, թե ինչո՞ւ է խնդիրը պետական ծառայողը հանրայնացնում, և այն էլ՝ «հեղափոխական» պաշտոնյան՝ իր «հեղափոխական» ղեկավարի դեմ:
Նշենք, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը: Նրանց վերադասը համարվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 168.am–ի հետ զրույցում խոստովանեց, որ պրոցեսները նոր չեն, և խնդիրը շատ լուրջ որակեց:
Նախարարը, հակառակ ծառայության պետի տեղակալի պնդումների, որ տեղ են գտել նրա գրառման մեջ, հայտարարեց, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և տեղակալ Արսեն Օհանյանի միջև լարվածությունն անձնական բնույթ չի կրում, բացառապես աշխատանքային է և սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից:
Բանն այն է, որ ծառայության պետ Ղամբարյանը դժգոհ է տեղակալ Արսեն Օհանյանի և աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքի որակից և այս մասին զեկուցել է նախարար Բաթոյանին:
Ինքը՝ Բաթոյանը ևս, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իրեն ծառայության պետը նույն խնդիրներով մի քանի անգամ է դիմել, ինչից հետո անձամբ լսել է բոլոր կողմերին, այդ թվում՝ ծառայության աշխատակազմի ղեկավարին, և դեռևս մտմտում է՝ խնդիրն ինչպես հանգուցալուծել: