Եւ կրկին խաչը հունից հանում է «շատ առաջադեմ» հանրությանը
«Գորիս Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, բարերարներ Հեղինե Առուշանյանի և Հովիկ Ճաղարյանի նախաձեռնությամբ Գորիս քաղաքի վրա վեր է խոյանում պահապան խաչը/բարձրությունը` 11մետր/, որն ամբողջությամբ պղնձաձույլ է։ Թող Աստծո օրհնությամբ այն պաշտպան լինի բոլորիս»:
Այս հայտարարությունը մեկ օր առաջ տարածվել է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի կողմից, որից հետո «խիստ առաջադեմ», խիստ «արեւմտամետ», «այլամետ» փոքրամասնություն կազմող, բայց խիստ ագրեսիվ հանրությունն անմիջապես գրոհի անցավ:
Բնականաբար, գրոհի անցան որպես խիստ հայրենասերներ: Հաշվում են, թե որքան գումար է արժեցել խաչը, ասում, թե այդ գումարով քանի մետր ճանապարհ կնորոգվեր, քանի դպրոց կնորոգվեր:
Այլ կերպ ասած, նրանք հանդես են գալիս որպես հայրենիքի մասին մտածող գործիչներ: Իրականում նրանք ընդամենը գտան հերթական առիթը հավատքի, հագեւոր արժեքների դեմ հերթական գրոհ իրականացնելու, եկեղեցին հերթական անգամ վարկաբեկելու համար:
Նրանք քիչ են, բայց ագրեսիվ, ավելին, նրանք խորամանկ են եւ երբեք բաց տեքստով չեն ասում, թե ինչի դեմ են իրականում պայքարում:
Հատուկ ընդգծենք. Գորիսի քաղաքապետի գործունեությամբ հիացած չենք, բայց մի՞թե որեւէ մեկն իրավունք ունի բարերարներին արգելել բավարարել հանրության հոգեւոր արժեքները: Ի վերջո այս խաչը գորիսեցիներն ընկալելու են պահապան իրենց քաղաքին, ի վերջո սա եւս մեկ սրբավայր է լինելու:
Եւ ինչո՞ւ եք հայրենասեր խաղում եւ ասում, թե այդ խաչի ձուլման գնով կարելի էր զենք գնել: Այդ դեպքում ձեր կազմակերպած սեմինարների փողով ինչու դպրոց չեք նորոգում, ճանապարհ չեք կառուցում կամ զենք չեք գնում: Ինչու արտերկրում շրջագայելու, «կրթություն» ստանալու գրանտներով ինչու դպրոց չեք նորոգում կամ զենք չեք գնում:
Մարդը ունի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեւոր պահանջմունքներ: Եթե Աստծուն չեք հավատում, եթե որեւէ նորաթուխ կրոնական խմբակի անդամ եք, ապա սուսուփուս եղեք, բայց երբեք ագրեսիվ վարք մի դրսեւորեք սա արդեն անդուր է:
Ոչ իսպանացու, ոչ անգլիացու, ոչ ֆրանսիացու մտքով չի անցնում բանաստեղծություն գրել եւ դժգոհել Աստծուց, կռվել նրա հետ, իհարկե, բացի հայից, որեւէ ազգի մտքով չի անցնում պահանջել անվանափոխել Սուր անունով սկսվող հիվանդանոցները, մոռանալով, որ ժամանակակից հիվանդանոցների հիմքը դրել են հենց քրիստոնեությունը քարոզողները:
Հետաքրքիր է բրազիլացիների մտքով ինչո՞ւ չի անցնում բողոքել Հիսուսի հսկա արձանից: Մտածեք այս մասին:
Աննա Բաղդասարյան
Top-News.am