«Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության ժամկետը նվազեցվեց, միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի էլ կօգտվի տարկետումից
Կառավարությունը տարկետման իրավունք սահմանեց միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար:
Նախագիծը զեկուցեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա ներկայացրեց, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետը, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են:
Նրա ներկայացմամբ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել դիմորդի առաջադիմությունը, սովորողի համար միջին որակական գնահատականը (ՄՈԳ), որը պետք է կազմի տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը, իսկ դիմորդի դեպքում՝ տվյալ ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը, իսկ այն քաղաքացիների համար, ովքեր օրենսդրության համաձայն բուհ են ընդունվում առանց ընդունելության քննությունների՝ ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը:
Նա ասաց, որ որոշման նախագիծը ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին, հավանության է արժանացել պետաիրավական հանձնաժողովի նիստին:
«2019-2020 ուսումնական տարվա շրջանակներում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի կօգտվի տարկետումից: Մենք գնացել ենք այդ քայլին, որովհետև մեզ համար միջին մասնագիտական կրթությունն էլ է կարևոր, որպեսզի հետագայում կրթական մակարդակը մեր ենթասպայական կազմի կբարձրանա, բայց արդեն իսկ ունենք օրենքով սահմանված կարգով հրաժարվողներ և զորակոչվողներ՝ մոտավորապես 40 հոգի»,- ասաց նա:
Ըստ Տոնոյանի՝ «Պատիվ ունեմ» ծրագրով պաշտպանության նախարարության պատվերը կազմում է 350 տեղ, որից 320-ը դասակի հրամանատարի պատրաստության ծրագրով, 30-ը բժշկական մասնագիտություններով:
«320 տեղի համար դիմողների քանակը եղել է 324 հոգի, որից 281 քաղաքացի ստացել է դրական գնահատական: 30 տեղի համար դիմումների քանակը եղել է 82-ը, անցողիկ համարվում է 15.75 միավորը՝ առավելագույնից նվազման կարգով կկնքվեն պայմանագրեր»,- ասաց նա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագիծը թույլ կտա ավելի շատ արդեն դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ: «Ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովենք», - ասաց նա:
Դավիթ Տոնոյանն էլ արձագանքեց՝ եթե ընթացքում չհիվանդանան, էդ տենդենցն էլ է լինում:
Նրան էլ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Չէ, քանի որ մենք հիմա 0-ից մինչև 18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»: