«Իսկ ես աջակցում էի այդ ապուշին». պաշտոնյան Զելենսկիին «ապուշ» և «անտաշ» է անվանել
Ուկրաինայի Բորիսպոլի քաղաքային խորհրդի քարտուղար Յարոսլավ Գոդունկոն, որին նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային խորհրդակցության ժամանակ վտարել էր դահլիճից, strana.ua պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է միջադեպը՝ երկրի ղեկավարին ապուշ և անտաշ անվանելով:
«Ինձ ոտքից գլուխ ցեխի մեջ թաթախեցին: Ես, իհարկե, դատարան կդիմեմ: Ինձ մոտ շոկ է, իսկ ես աջակցում էի այդ ապուշին»,- ասել է Գոդունոկը:
Պաշտոնյայի խոսքով՝ նախագահն իրեն անտաշի պես է պահել, իսկ ինքը պարզապես փորձել է Զելենսկիին «ճշմարտությունը հասցնել»: Նա խոստովանել է, որ ապրիլին կայացած նախագահական ընտրություններում քվեարկել է Զելենսկիի օգտին և աջակցել նրան:
«Լուսանկարներ կան իմ երեխաների հետ, որոնցում ես քարոզում եմ նրա օգտին: Ինձ դրա համար անգամ Արմատական կուսակցության շարքերից հեռացրին, որի կողմից 4 անգամ ընտրվել էի, այն բանի համար, որ Օլեգ Լյաշկոյին հորդորել էի չքննադատել, այլ աջակցել Զելենսկիին»,- ասել է խորհրդի քարտուղարը՝ ընդգծելով, որ ստիպված է եղել աջակցել ներկայիս նախագահին, քանի որ դեմ է եղել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Հիշեցնենք, որ խորհրդակցության ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ Գոդունկոն նախկինում դատապարտված է եղել ավազակային հարձակման համար: Նա վերջինիս ավազակ է անվանել և դուրս հրավիրել դահլիճից: Պաշտոնյան չէր համաձայնել և վիճաբանության մեջ էր մտել նախագահի հետ: