Վրաստանի իշխանությունը սադրանք է որակել եթերում Պուտինին վիրավորելը
Վրաստանի իշխանությունները կտրուկ են արձագանքել «Ռուսթավի 2»-ի կիրակնօրյա սկանդալային եթերին, որի ժամանակ հաղորդավար Գեորգի Գաբունիան մոտ 1․5 րոպե ռուսերենով, անպատշաճ արտահայտություններով վիրավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքով՝ տեղի ունեցածը սադրանքի մտահոգիչ դրսևորում է և երկրում իրադրության ապակայունացման փորձ։ «Դա միանգամայն անընդունելի է»,-ասել է նա։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր հերթին հաղորդավարի այդ քայլն անվանել է ««հայրենասիրության» քողի ներքո մասշտաբային սադրանք»։
ԱԳՆ-ից արձագաքել են՝ նշելով, որ նման հայտարարություններն ուղված են եղել վրաց-ռուսական հարաբերություններում առկա բարդ իրավիճակն էլ ավելի բարդացնելուն։ ԱԳՆ-ը դատապարտել է եթերում հնչած արտահայտությունները՝ նշելով, որ դա որևէ ընդհանուր բան չունի խոսքի ազատության հետ։
Հաղորդավարի վիրավորական արտահայտությունները դատապարտվել են նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից։ «Նա իրեն թույլ է տվել այն, ինչն անթույլատրելի է Վրաստանի համար։ Դա վնաս կհասցնի Վրաստանի շահերին»,-գրել է Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում։ Նրա խոսքով՝ երկրի պառակտումը երկու ճամբարի, արտաքին առճակատման խրախուսումն ու վրացական կողմից տարածաշրջանում լարվածության բռնումն անթույլատրելի են։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում