Անում են ինչ-որ բաներ, լռում ենք, մարսում, աշխարհն էլ ընդունում է
Ֆրանսիական Լուվրում տեղի կունենա «ադրբեջանական գորգերի ցուցադրություն» Ադրբեջանի նախաձեռնությամբ: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը նշեց, որ այս հարցում ՀՀ-ն պետք է լինի աչալուրջ և իրականացնի մշակութային հստակ քաղաքականություն՝ ներկայացնելով աշխարհին հայկական մշակույթը:
Հարցին՝ պետական մակարդակով ի՞նչ պետք է անի ՀՀ-ն՝ ադրբեջանական ցուցահանդեսի հետ կապված, Գինոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ նախևառաջ ուսումնասիրել է պետք, թե ինչ ցուցահանդես է լինելու, ինչ ցուցանմուշներ են ներկայացվելու: Պետք է հստակ փաստերով ներկայացնել՝ որոնք են հայկական, գորգագործության որ դպրոցից են այդ գործերը: Պետք է լինեն փաստեր, այլ ոչ էմոցիոնալ կոչեր»:
Ըստ նրա՝ հստակ մշակութային քաղաքականություն է պետք վարել:
«Մենք շատ լուրջ բացթողումներ ունենք այս ոլորտում: Հայկական գորգագործության մասին մենք չունենք լիարժեք աշխատություն, միայն ասում ենք, որ խալի բառն առաջացել է հայկական կալի, հալի բառի արաբերեն տառադարձումից: Բառը ծագել է Կարին քաղաքի անվանումից, իսկ Կարինն ինքնին արհեստների, հատկապես գորգագործության խոշոր կենտրոն էր»,-նշեց նա:
Գագիկ Գինոսյանի խոսքով՝ նախևառաջ պետք է բարեփոխումներ լինեն մշակույթի ոլորտում, որովհետև դրանով է դաստիարակվում ապագայի քաղաքացին: ՀՀ-ն իր վարած մշակութային քաղաքականությամբ պետք է նպաստի հայկական մշակույթի զարգացմանը, աշխարհում հայ մշակույթի տարածմանը, ներկայացմանը, հանրահռչակմանը.
«Շուտով Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակն է, բայց բացի 1-2 գիտաժողովներից, որոնք նեղ գիտական շրջանակների համար են, մեր երկիրը որևէ երկրում, որևէ մեկին իր հզոր մշակույթը չի ներկայացնում: Փորձի որևէ մեկը պաշտոնական այցով գնա Թուրքիա ու հրաժարվի Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ դնելուց: Ինչո՞ւ մեր պաշտոնական արարողակարգում չկան նմանատիպ այցեր, Կոմիտասի, Մաշտոցի շարականների, Նարեկացու լսումներ և այլն:
Երբ մենք մեր մշակույթին այսպես ենք վերաբերվում, բնականաբար, ադրբեջանցին էլ իր նավթադոլարներով կգրանցի Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ում, և մենք կլռենք: Ես մի քանի անգամ բարձրաձայնեցի այս խնդիրը, սակայն ինձ սկսեցին հեռուստաեթերների չհրավիրել, որովհետև ես իրենց պես չէի մտածում: Իրենք ասում էին՝ ցույց տանք հայկական և ադրբեջանական քոչարիների տարբերությունը, սակայն ես ասում էի, որ եթե դուք արդեն տարբերության մասին եք խոսում, դուք կասկածի տակ եք դնում ընդհանրապես քոչարիի հայկական լինել-չլինելու հարցը: Եթե մենք շարունակենք այս տեսանկյունից վարել նման քաղաքականություն, ապա ճիշտ են ադրբեջանցիները:
Ասում են՝ ապրանքդ փողոցում մի թող, ուրիշին էլ գող մի անվանի: Եթե մենք անտեր ենք թողել, չենք հետևում, դրա մասին հրապարակումներ չունենք, գիտական աշխատություններ չունենք, մշակումներ չունենք, եթե չենք ներկայացնում աշխարհին որպես հայկական, երբ բոլոր հիմքերը ունեն, ապա այդ պարագայում ինչի՞ մասին է խոսքը: Անում են ինչ-որ բաներ, լռում ենք, մարսում ենք, աշխարհն էլ ընդունում է»: