Էրդողանը պաշտոնից հեռացրել է Կենտրոնական բանկի նախագահին
Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Չեթինքայան հեռացվել է իր պաշտոնից։ Նրա պաշտոնը զբաղեցրել է նրա տեղակալ Մուրատ Ույսալը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
Կադրային փոփոխությունների մասին հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Մուրատ Չեթինքայան Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականից։ Պաշտոնանկության պաշտոնական պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն աղբյուրի համոզմամբ՝ Էրդողանն ու Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը պահանջել են նրա հրաժարականը այն բանից հետո, երբ Չեթինքայան հրաժարվել է ինքնակամ հեռանալ իր պաշտոնից՝ իր վարած քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով:
Մասնավորապես, գործակալությունը նշում է, որ նա չի ցանկացել իջեցնել տոկոսադրույքները։
Կենտրոնական բանկը նախկինում նույնպես ճնշումների է ենթարկվել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից:
Նշենք, որ Թուրքիայի տնտեսությունը 2019 թվականի սկզբին երկրորդ եռամսյակը անընդմեջ կտրուկ հետընթաց է արձանագրել, քանի որ արժութային ճգնաժամն ու աճող գնաճը և տոկոսադրույքները խիստ ազդել են արտադրության ընդհանուր ծավալի վրա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 6-ի հայտարարության մեջ Կենտրոնական բանկը հայտնել է, որ կշարունակի աշխատել ինքնուրույն և նոր կառավարիչը հիմնանպատակ կկենտրոնանա գների կայունության պահպանման վրա: