Թուրքիայում ձերբակալվել է ռուս 2 կին` 9 երեխայի հետ. նրանք կասկածվում են ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ
Թուրքիայի սահմանապահները ձերբակալել են ռուս երկու կնոջ, որոնց փնտրում է «Ինտերպոլը»: Նրանք կասկածվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, կանայք 9 երեխաների հետ միասին փորձել են Սիրիայից անօրինական կերպով մտնել Թուրքիա: Նրանք պատմել են, որ ցանկացել են վերադառնալ հայրենիք այն բանից հետո, երբ Սիրիայում սպանվել են իրենց ամուսինները:
Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը թուրքական կառավարությունից ճշտել է ռուս կանանց տվյալները և ձերբակալման մանրամասները:
Հավելենք, որ 2017 թվականին Թուրքիայի իշխանությունը Ռուսաստանի 4128 քաղաքացու արգելել է երկիր մտնել` կասկածելով ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ: «Սև ցուցակում», ընդհանուր առմամբ, գտնվում է 53 781 մարդ` 146 երկրից: Մեծամասնություն են կազմում Սաուդյան Արաբիայի (7523) և Թունիսի (4605) քաղաքացիները: