Ինչպե՞ս չխղճաս պատգամավոր Սիսակին
Հայաստանի համար բարդ, վտանգավոր եւ տարօրինակ ժամանակներ են: Այնքան բարդ, տարօրինակ եւ վտանգավոր, որ բախտի բերմամբ, թե պատահմամբ, քաղաքական որեւէ անցյալ չունեցող ոմն մեկը դառնում է Ազգային ժողովի պատգամավոր եւ իրեն թույլ տալիս գնահատականներ տալ մեր անցյալին, մեր պատմությանը եւ մեր երկրի ղեկավարներին:
«Ես ուղղակի կասեմ, որ մի տեսակ խղճահարություն եմ զգում, երբ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Թեեւ, երեւի արդեն դա էլ չեմ զգում»,- այս հայտարարության հեղինակը հենց այդ բախտի բերմամբ, թե պատահմամբ պատգամավոր դարձաձ Սիսակ Գաբրիելյանն է:
Ի՞նչ ասես այդ երիտասարդին, երբ իրեն թույլ է տալիս նման ցինիկ հայտարարություն, այն էլ այն մարդու նկատմամբ, որը եղել է Արցախի առաջին նախագահը, մեղմ ասած, ամենակարեւոր դերակատարումներից մեկն ունեցել Արցախի ազատագրման եւ կայացման գործում, որը տասը տարի Հայաստանն այնպես է ղեկավարել, որ բյուջեն եւ ՀՆԱ-ն աճել են մի քանի անգամ, աղքատությունը կտրուկ իջել է, կենսամակարդակն աճել, իսկ ռազմաճակատի գծում պահպանվել խաղաղություն:
Այսքանից հետո ուզես, թե չուզես խղճում ես Սիսակ Գաբրիելյանին, խղճում ես, որ նա պատգամավոր է դարձել, բայց չի տիրապետում իր իսկ երկրի նորագույն պատմությանը եւ անում է հայտարարություններ, որ իրեն դաստիարակված մարդը թույլ չէր տա:
Ուզում ես հարցնել Սիսակին, երբ քեզ առաջարկեցին պատգամավորի թեկնածու դառնալ, ինչո՞ւ չասացիր, որ ոչ քաղաքական փորձ ունես, ոչ էլ քաջատեղյակ ես երկրի պատմությանը: Ինչո՞ւ:
Կամ ինչու ինքնդ քեզ չես հարցնում, թե ես փոքրիկ երեխա էի, վազվզում էի, խաղում, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր երեխաների հետ Ստեփանակերտում էր, ռմբակոծություն էր, հրթիռակոծություն, իսկ նրանք այնտեղ էին, իսկ նրանք Հայաստան պետությունն էին կերտում, ինչո՞ւ ես ինձ թույլ տամ նման անհեթեթ հայտարարություններ այդ մարդու մասին: Հարցրու, գուցե կարողանա՞ս պատասխանել:
Եւ մի՞թե պատգամավորին վայել է անել այսպիսի հայտարարություն՝ հողաթափերով եկան Հայաստան եւ միլիարդավոր կարողությունների տեր դարձան: Սիսակ Գաբրիելյան մարդկանց հետաքրքրում է, թե դու ինչպես պատգամավոր դարձար:
Նորաթուխ պատգամավոր, իմքայլական, մինչեւ վերջերս լրագրող Սիսակ Գաբրիելյանը այսօր չի թաքցնում իր հիացմունքը հայաստանյան դատական համակարգով, հատկապես Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու հանգամանքով եւ Արցախի ներկա եւ նախկին նախագահների միջնորդությունը անտեսելու փաստով:
Դատական համակարգի մասին հիացմունք հայտնելուց հետո, տարօրինակորեն նա դեմ չի արտահայտվում իր իսկ թիմակիցների կողմից մեզ պարտադրվող անհասկանալի վեթինգին:
«Փաստացի, երեւաց դատական իշխանության անկախությունը, որ ինքը կայացրեց այն որոշումը, որը գտավ ճիշտ եւ օրենքին համապատասխան»,- ասում է պատգամավորը, բայց չի բացատրում, որ եթե դատական իշխանությունն անկախ է, ապա ի՞նչ վեթինգ:
Եւ այս նորաթուխն այնքան խորամանկն է, այնքան ճարպիկ, որ մի դեպքում, նույն հարցազրույցում ասում է, թե իր որոշումով դատարանն ապացուցեց, թե անկախ է, իսկ հետո, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դատավորը թույլ չտվեց ելույթ ունենալ պաշտպանական կողմին, ասում է, թե իր գնահատելիքը չէ:
Այստեղ մնում է հարցնել այսքան ճարպիկ քանի՞ պատգամավոր եք: Եւ նույն ճարպկությամբ նա սվաղում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կա՞ Հայաստանում դատավոր, որ իմ ասածը չանի: Եւ որտեղից այս տեսակին գտավ, հավաքեց իր շուրջը Նիկոլ Փաշինյանը:
Գուցե մի օր նույն Սիսակը վարելով «Քաղաքականությունը ներսից» հաղորդումը կպատասխանի այս եւ շատ այլ հարցերի: Իսկ առայժմ նրանց մնում է խղճալ, քանի որ այդպես էլ ինտիգներ սարքող լրագրողից այն կողմ չաճեցին:
Աննա Բաղդասարյան
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում