Երևանի 2800-ամյակի այգու սալահատակը
Բոլորի սիրված զբոսավայրը դարձած Երևանի 2800-ամյակի այգին գրավիչ է ոչ միայն իր շատրվաններով, յուրահատուկ ծառատեսակներով և արձաններով, այլև սալահատակով: Այգու 5420 քմ մակերես ունեցող սալահատակը պատրաստված է 10 սմ երկարություն, 10 սմ լայնություն և 5 սմ հաստություն ունեցող 500.000 հատ 7 տեսակի գրանիտե սալիկներով: Սալահատակի տակ՝ ամբողջ մակերեսով, բետոնային հատուկ ամրացում է տրվել՝ իր դրենաժային համակարգով: Սալահատակի նախշազարդերը գրեթե ամբողջությամբ վերցված են հին ավանդական հայկական գորգերի նախշերից, իսկ նախշազարդերի փոքր մասը կրկնում է Էրեբունի ամրոցի ուրարտական դարաշրջանի նախշերը:
Սալահատակի կենտրոնում պատկերված է հայկական գորգերի նախշերով ուղեգորգ: Ուղեգորգն ունի նեղ ու երկարավուն ձև: Դրա կառուցվածքի հիմքում շեղանկյունազարդ խոշոր հորինվածքների իրար կցված շարանով բնորոշվող գորգերի, տվյալ դեպքում՝ «Ճարտար» տիպի գորգերի գեղազարդման համակարգն է: Ներկայացված է «Խնձորեսկ» տիպի ուշ վիշապագորգերի հիմնական հորինվածքը, որը կազմված է բարու և չարի հավերժական հակամարտությունը ներկայացնող արևի խորհրդանշանից ու դրան պարուրող վիշապի ութ ոճավորումներից: Բարու հաղթանակն ու կյանքի հավերժության գաղափարն էլ ներկայացնում են արևի խորհրդանշանից սկզբնավորված «կենաց ծառ» նախշերը: Խոշոր շեղանկյունազարդի կենտրոնում գտնվում է 1680 թ. գործված «Գուհար» վիշապագորգի կենտրոնական վարդակի գծայնացված տարբերակը, իսկ անկյունները գեղազարդված են «Մասյացոտն» տիպի ուշ շրջանի վիշապագորգերին բնորոշ ոճավորված վիշապապատկերներով ու «Ճարտար» տիպի գորգերին բնորոշ աստիճանաեզր շեղանկյունազարդերով:
Ավելացնենք, որ այգում գտնվող ճարտարապետական տարրերի գրանիտե մակերեսների վրա առկա զարդաքանդակներն ու ալյումինե նախշերը իրականացվել են Ալեքսանդր Թամանյանի, Ջիմ Թորոսյանի, Մարկ Գրիգորյանի, Ռաֆայել Իսրայելյանի և Ստեփան Քյուրքչյանի ստեղծած ճարտարապետական հայտնի կոթողների նախշերով: