ՍԱՍ-ի Արտակը, «ճորտերը» եւ ձայնագրության հրապարակման նպատակը
Քաղաքը, գյուղը քննարկում է Սասի Արտակի հայտնի ժողովի ձայնագրությունը: Ոմանք քննարկում են, արտահայտում իրենց զարմանքը, իսկ ոմանք էլ բավական հետաքրքիր հարցադրումներ անում՝
Ա. Ով է արել ձայնագրությունը
Բ. Ինչու այն չի հրապարակվել ընտրություններից առաջ
Գ. Ինչ նպատակ են հետապնդում այն հրապարակողները
Ամենակարեւորն այն է, որ գոնե սոցիալական ցանցերի մակարդակում արվող քննարկումներում կարմիր թելով անցնում է հետեւյալ միտքը՝ չէ՞ որ ՍԱՍ-ի Արտակի դեպքը եզակի չէ, չէ՞ որ նմանատիպ եւ ավելի խայտառակ մակարդակի ժողովներ են անցկացրել հիմնարկ-ձեռնարկություններ ունեցող այլ ռեյտինգայինները:
Թե ի՞նչ նպատակ են հետապնդում ձայնագրությունը հրապարակողները, կիմանան միայն իրենք, բայց նրանք մեկ անգամ եւս ջրի երես դուրս բերեցին այն կեղտը, որի մեջ մենք ապրում ենք:
Ցավալին այն է, որ այս ձայնագրության հրապարակումը որեւէ ազդեցություն չի ունենա Ազգային ժողովի ձեւավորման վրա: Ամենայն հավանականությամբ, սա պարզապես ճնշում է գործարար Արտակ Սարգսյանի նկատմամբ, այս կամ այն նպատակին հասնելու համար:
Եթե տնօրենների հայտնի ձայնագրության հրապարակումը որեւէ ազդեցություն չունեցավ ընտրությունների ընթացքի վրա, այս ձայնագրությունը եւս չի ունենալու Ազգային ժողովի ձեւավորման վրա:
Հիմա հարցադրում է արվում, թե ՍԱՍ-ի Արտակի ինչին է պետք պատգամավոր դառնալը: Այս շարքում կարելի է ավելացնել ՀՀԿ-ի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով պատգամավորների 98 տոկոսի անունը:
Բայց այս հարցը պետք է ուղղել ոչ թե ՍԱՍ-ի Արտակին եւ մյուսներին, այլ ՀՀԿ ղեկավարությանը, որոնք են հենց այս մարդկանց ուղղորդում, դրդում առաջադրվել, կիրառել կեղտոտ մեթոդներ, դառնալ պատգամավոր եւ վերածվել մանդատ ունեցող կոճակ սեղմողների:
Եւ կրկին անգամ շեշտենք, ՍԱՍ-ի Արտակի ժողովի դեպքը եզակի չէ: Հայաստանը գլխովին խրված է կեղտի մեջ եւ մի սեւեռվեք հենց այս կոնկրետ դեպքի մեջ, այլ փորձեք հասկանալ, թե ինչու են մեր երկրում համատարած նման ժողովներ լինում, եւ գրեթե որեւէ մեկը չի ընդդիմանում: Հիշենք «Խաղալիք» կինոնկարի հերոսի հարցը՝ հիմա հրեշը ես եմ, թե դուք:
Գագիկ Մարտիրոսյան