Ռոհանին հայտարարել է, որ Իրանի սահմանը խախտելու դեպքում ԱՄՆ-ն վճռորոշ պատասխան կստանա
Թեհրանը համապատասխան հակահարված կտա, եթե ԱՄՆ-ն հերթական անգամ փորձի խախտել Իրանի սահմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Փոխանցում է РИА Новости-ն:
«Եթե ամերիկյան կողմը կրկին ցանկանա խախտել Իրանի օդային կամ ջրային տարածքը, ապա Իրանի զինված ուժերը համապատասխան գործողություններ կկատարեն և վճռորոշ պատասխան կտան»,- նշել է Ռոհանին` կրկին անգամ ընդգծելով, որ իր երկիրը պատերազմ «չի փնտրում» և չի ցանկանում պատերազմել որևէ մեկի հետ, այդ թվում` ԱՄՆ-ի:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները, որոնք հիմնականում ուղղված են գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
Երկու պետությունների՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին: