Վրաստանի իշխանությունն ստացավ այն, ինչին արժանի է. Կիկաբիձե
Վրացի երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեն «Московский комсомолец»-ին տված հարցազրույցում խոսել է Վրաստանում տիրող իրավիճակի մասին, որտեղ 6-րդ օրն անընդմեջ բողոքի ցույցեր են ընթանում:
«Դժվար է վերլուծել, թե հիմա մեզ մոտ ինչ է տեղի ունենում, սակայն իշխանությունն ստացավ այն, ինչին արժանի է: Այո, ես ընդդիմության կողմնակից եմ: Կարծում եմ, այս ամենը մտածված է եղել, որպեսզի խառնաշփոթ ստեղծվի: Այո, հիմա ռուս զբոսաշրջիկները քիչ կլինեն Վրաստանում, սակայն հանուն շահույթի չի կարելի հրաժարվել բարոյական նորմերից, հայրենասիրությունից:
Ես ուզում եմ, որ մարդիկ երջանիկ լինեն, հանգիստ, ունենան աշխատանք, ոչ թե կռիվ լինի, կրակոցներ և այս քաոսային իրավիճակը: Քաղաքականությունը կողտոտ գործ է, ավելին ասել չեմ կարող, քանի որ ես ոչ թե քաղաքական գործիչ եմ, այլ դերասան»,- ասել է Կիկաբիձեն:
Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Հիշեցնենք, որ դերասանը 2008 թ. պատերազմից հետո հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուսաստանում՝ մերժելով անգամ իր 70-ամյա հոբելյանի կապակցությամբ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից իրեն շնորհված «Բարեկամության շքանշանը»: Կիկաբիձեն իր արարքը բացատրել էր այն հանգամանքով, որ «չի կարողանում հաշտվել Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ սանձազերծված պատերազմին»: