Լեհաստանի նախագահը Վրաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Լեհաստանի նախագահն իր վրացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Վրաստանին և պատրաստակամություն է հայտնել օգնել երկրին ընթացող գործընթացներում:
«Հեռախոսազրույցը կայացել է Անջեյ Դուդայի նախաձեռնությամբ: Հեռախոսազրրույցի ընթացքում խոսվել է երկրում ընթացող իրադարձությունների մասին, և Լեհաստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել Վրաստանին և օգնելու պատրաստակամություն հայտնել: Ընդգծվել է, որ Լեհաստանը Վրաստանի բարեկամն է: Նախագահ Զուրաբիշվիլին հայտնել է, որ իրավիճակը հանդարտվում է, և իշխող կուսակցությունը ցանկանում է կատարել ցուցարարների պահանջը, որը վերաբերում է ընտրական համակարգի փոփոխությանը»,-ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Դուդային Վրաստանին աջակցելու համար։
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ակցիաները Թբիլիսիում սկսվել էին հունիսի 20-ին՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: