Ի՞նչ քրեական գործեր են հարուցվել Աբովյանի քաղաքապետի դեմ. ներկայացնում է Կոտայքի մարզպետարանը
Կոտայքի մարզպետարանը ներկայացրել է, թե ինչպիսի քրեական գործեր են հարուցվել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի դեմ:
Մարզպետարանը նախ հերքել է տեղեկությունը, ըստ որի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյան քաղաքի մուտքի մոտ տեղադրված անգլերեն I love Abovyan ցուցանակի հետ կապված Աբովյան քաղաքի քաղաքապետ Վ. Գեւորգյանի դեմ դատական գործ է հարուցել:
Մարզպետարանի ներկայացրած հաղորդագրության մեջ նշվում է.
«1. Հարուցվել է քրեական գործ Աբովյանում 67 միավոր համայնքային սեփականության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների փաստերի հիման վրա:
Աբովյանի համայնքապետարանի կողմից 2019 թվականի մարտի 7-ին կայացրած թվով 67 միավոր համայնքային սեփականության բնակավայրի նպատակային նշանակության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ Կոտայքի մարզպետի հաղորդման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Մերժվել է նաեւ նույն գործով մարզպետի կողմից Կոտայքի մարզի դատախազին բերված բողոքը:
Կոտայքի մարզպետարանը գտել է, որ ինչպես հետաքննության մարմնի, այնպես էլ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի կայացրած որոշումներն անօրինական են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայացրած որոշումներով սպառիչ պատասխաններ չեն տրվել հաղորդմամբ նշված իրավախախտումների, դրանց արդյունքում ենթադրյալ արարքներ թույլ տված պաշտոնատար անձանց գործողությունների եւ առաջացրած հետեւանքների վերաբերյալ՝ Կոտայքի մարզպետը, հարցը կրկին քննարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2019 թվականի մայիսի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /պաշտոնեական լիազորությունների չարաշահում/ քրեական գործ հարուցելու մասին:
2. ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման համաձայն, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական եւ մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին:
ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի կողմից նախապատրաստված նյութերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չձեռնարկելու փաստերի առնչությամբ 2019 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 315 պրիմ 2–րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: