Ռուսաստանը վախենում է Պարսից ծոցում նոր կոնֆլիկտի բռնկումից
Մոսկվան վախենում է, որ Պարսից ծոցում կարող է նոր կոնֆլիկտ սկսվել, եւ կոչ է անում «լրջորեն զբաղվել» տարածաշրջանում իրադրության կայունացմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեռեւս ժամանակ կա կանգ առնելու, խորհրդածելու, անվերահսկելի առճակատման հետագա անցումը կանխելու համար... Կարծում եմ՝ միջազգային հանրության գերակշիռ մեծամասնությունը համաձայն է նման մոտեցմանը եւ ելնում է այն բանից, որ այն այլընտրանք չունի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նա շեշտել է, որ կոչերը չեն արժանանում Վաշինգտոնի արձագանքին:
«Սա իրադրության գիտակցված լարման գծի արտացոլումն է: Մենք չենք կասկածում, որ ԱՄՆ ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը ոչ մի գործողության առջեւ կանգ չի առնի, որպեսզի իրավիճակը առավելագույնս բարդացնի եւ գլխավորը՝ մեծացնի Իրանի վրա ճնշումը»,- եզրափակել է դիվանագետը:
Հունիսի 13-ին իրանական եւ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերը:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ դրանց վրա տորպեդներ էին արձակվել, ինչի հետեւանքում նավերում տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհ:
Վաշինգտոնը կատարվածի մեղքը բարդել է Թեհրանի վրա եւ հայտարարել, որ մտադիր է պաշտպանել նավագնացության ազատությունը տարածաշրջանում։
Իրանը կտրականապես հերքում է մեղադրանքները՝ դրանք անհիմն հայտարարելով։ Մերձավորարեւելյան պետությունում նաեւ նշել են, որ անհանգստացած են պատահածից եւ հիշեցրել են, որ օգնել են նավաստիների փրկության գործում։