Հեռացվել է Շերեմետեւոյի աղետի տեսանյութը տարածած ոստիկանը
Շերեմետեւո օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի աղետի տեսանյութը տարածել է ոստիկանության երկու կապիտան, որոնցից մեկը հեռացվել է աշխատանքից, տեղեկացրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Ալշեւսկին՝ հղում կատարելով իր հարցմանը ՆԳՆ պաշտոնական պատասխանին, որի սքանը նա հրապարակել է Ֆեյսբուքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ահա եւ պարզվեց, թե որտեղից է ինտերնետում հայտնվել «Սուպերջեթի» աղետի տեսանյութը Շերեմետեւոյի հսկման տեսախցիկներից։ Հարցումս ստանալով՝ ՆԳՆ-ն պարզել է, որ տեսանյութը տարածել է ոստիկանության երկու կապիտան Գաղտնի՝ ի լուր աշխարհի, նրանց մասին է ասված։ Ինչի համար էլ վճարել են։ Մեկին ազատել են իրավապահ մարմիններում աշխատանքից, երկրորդը կարգապահական նկատողություն է ստացել»,- գրել է պատգամավորը։
ՆԳՆ պատասխանում նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը տեսանյութն ուղարկել է WhatsApp մեսենջերով իր ծանոթներին։ Արդյունքում՝ տեսանյութը «լայն հանրային ռեզոնանս է առաջացրել՝ բացասական հետեւանքներով»։
«Ռուսաստանի ՆԳՆ գծային վարչության աշխատակիցների գործողություններում Շերեմետեւո օդանավակայանում վարչական իրավախախտում կամ հանցագործություն չի գրանցվել։ Միեւնույն ժամանակ, այս արարքը հակասում է այն պահանջներին, որոնք ներկայացվում են պրոֆեսիոնալ վարքագծին եւ ծառայողական գործունեության բարոյաէթիկական հիմքերին»,- նշվում է փաստաթղթում։
Մոսկվա-Մուրմանսկ չվերթի SSJ100 ինքնաթիռը մայիսի 5-ի երեկոյան անհապաղ վերադարձել էր Շերեմետեւո եւ վթարային վայրէջք կատարել թռիչքի 28 րոպեից հետո։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են նրա կանգնակները, այրվել է շարժիչը։ Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի տվյալներով՝ այդ օրը Մերձմոսկվայում ամպրոպ է եղել։ ՌԴ ՔԿ տվյալներով՝ աղետի հետեւանքով զոհվել է 41 մարդ ինքնաթիռում գտնվող 78 մարդուց։ Որպես կատարվածի հիմնական վարկած նշվում է օդաչուների, կարգավարների եւ տեխզզնում իրականացրած անձանց անբավարար որակավորումը, ինչպես նաեւ ինքնաթիռի անսարքությունն ու մետեոպայմանները։