Ուկրաինայի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները Զելենսկիին գեյ շքերթի մասնակցելու են հրավիրել
Ուկրաինայի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել են մասնակցելու KyivPride հավասարության երթին, որը կկայանա հունիսի 23-ին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, նախագահին ուղղված տեսաուղերձը հրապարակվել է գեյ շքերթի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի պարոն նախագահ, մենք աջակցում ենք Ձեր դիրքորոշմանն առ այն, որ մարդը պետության համար մեծագույն արժեք է: Հունիսի 23-ին հազարավոր ուկրաինացիներ մեր երկրի եվրոպական ապագայի հույսով Հավասարության երթին կմասնակցեն: Իսկ Դո՛ւք, պարոն Զելենսկի, կդանա՞ք Ուկրաինայի առաջին նախագահը, որը մասնակցել է Հավասարության երթին և աջակցել մարդու իրավունքներին»,-ասվում է ուղերձում:
Նախորդ տարի KyivPride-ը տևել էր ընդամենը 20 րոպե և ուղեկցվել ազգայնականների հետ բախումներով, ինչի հետևանքով ձերբակալվել էր 56 մարդ:
2018թ. հունիսին Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ նամակով դիմել էին այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոյին, նախարարների կաբինետին և Գերագույն ռադայի պատգամավորներին՝ կոչ անելով մասնակցել Կիևի Հավասարության երթին: Նրանք նաև ափսոսանք էին հայտնել, որ Ուկրաինան այլևս չի աշխատում ԼԳԲՏ փոքրամասնության իրավունքներն օրենսդրորեն պաշտպանելու ուղղությամբ: