Թուրքիայի նախկին վարչապետ Յըլդըրըմն օգնության է շտապել վթարի ենթարկված մոտոցիկլավարին (լուսանկարներ)
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրվել է որպես Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, առաջին օգնություն է ցուցաբերել վթարի ենթարկված մոտոցիկլավարին:
Ինչպես հայտնում է Haber7-ը, քաղաքական գործիչը երթևեկելիս է եղել ծառայողական մեքենայով, երբ տեսել է, որ քաղաքացին վթարի է ենթարկվել:
Յըլդըրըմը մեքենայից իջել է ու մոտեցել տուժածին, որին ավելի ուշ հոսպիտալացրել են:
Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները նշանակվել են հունիսի 23-ին: Մարտի 31-ին կայացած ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն 13 729-ով ավելի շատ ձայն էր հավաքել իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմից: Սակայն ԿԸՀ-ն իշխող կուսակցության պահանջով չեղարկել էր ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ նշանակել: