Ադրբեջանի պատվիրակությունը փորձում էր ԼՂ հակամարտության թեմայով հարցեր հնչեցնել
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեցին Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի մանրամասները: Պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախ նշեց, որ իրենց պատվիրակությունն առաջին անգամ էր այս կազմով մասնակցում, և դա սա առաջին հերթին ճանաչողական բնույթ էր կրում: Նա ասաց, որ դա չի նշանակում, որ պարզապես մասնակից են եղել՝ որոշակի ակտիվություն դրսևորել են, երբ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները այս հարթակը փորձել են օգտագործել տարածաշրջանային խնդիրները ի նպաստ իրենց ներկայացնելու համար:
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ բոլոր զեկույցներում անդրադարձ էր արվում այսօր տեղի ունեցող հակամարտություններին, դրանց՝ Ռուսաստանի մասնակցությանը, Վրաստանի խնդիրներին: «Այդ զեկույցների տրամաբանության մեջ եղան դրվագներ, երբ Ադրբեջանի պատվիրակությունը փորձեց ճեղքեր գտնել այդ զեկույցների մեջ և ԼՂ հակամարտության թեմայով հարցեր հնչեցնել»,-ասաց նա և նշեց, որ բոլոր այդ հարցրին իրենք հակազդել են:
«Բայց դա չի լինելու մեր աշնանային նստաշրջանի աշխատանքային տարբերակը, որովհետև մենք որոշեցինք, որ մեր նախաձեռնողականությունը պետք է լինի ավելի բարձր: Մենք պետք է պատրաստվենք այս հարթակն ավելի լուրջ օգտագործելուն: Դա նշանակում է, որ ոչ թե մենք գնալու ենք հակազդենք Ադրբեջանի պատվիրակության տեսակետին, այլ մեր նախաձեռնողականությունը լինելու է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից»,-ասաց Քոչարյանը և նշեց, որ արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները պետք է շատ էֆեկտիվ համագործակցեն պատվիրակության հետ:
«Այս անգամ գուցե ինչ-որ տեղ թերացանք, քանի որ գնալուց առաջ ներկայացրել ենք զեկույցները և խնդրել փորձագիտական եզրակացություն տալ, բայց այդպես էլ ամբողջական եզրակացություն չստացանք»,-ասաց նա:
Պատվիրակության անդամ, ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան, անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության աշխատելաոճին, արձանագրեց, որ մասնակից բոլոր երկրները հոգնել են այս դիսկուրսից: «Այսինքն՝ նրանք սպասում են նոր բան և մենք աշնանը առաջարկելու ենք նոր բան: Ադրբեջանը անընդհատ փորձում է այստեղ բերել Արցախի հարցը»,-ասաց նա:
Պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականության խնդիրների հետ նույն հարթության վրա: «Նա փորձում է մանիպուլիացիաներով հարաբերությունները` ՆԱՏՕ-ից ստանալու որոշակի աջակցություն, ինչը իրենց մոտ չի ստացվում»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ Ռուսաստանն էլ այստեղ պետք է շատ ուշադիր հետևի, թե Ադրբեջանը որ զեկույցների մեջ է մտնում, քանի որ դրանք հիմնականում ուղղված են Ռուսաստանի դեմ պատրաստված զեկույցների տրամաբանության մեջ: