Թուրքիայի իշխանությունները մտադիր են Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով 128 մարդու ձերբակալել
Թուրքիայի դատախազությունը 128 մարդու ձերբակալման հրաման է արձակել, որից 48-ը գործող զինծառայողներ են: Նրանք կասկածվում են ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ ունեցած կապի համար, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ հրամանն արձակվել է Իզմիր և Կոնիա նահանգների դատախազների կողմից՝ Թուրքիայի զինված ուժերում կազմակերպության գաղտնի ցանցի վերաբերյալ հետաքննության շրջանակում:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին FETO (Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն) են անվանում, մեղադրում են 2016թ.-ի հուլիսին պետական հեղաշրջման փորձի համար:
Հիշեցնենք, որ ապստամբությունից հետո ավելի քան 50 000 մարդ է ձերբակալվել, աշխատանքից ազատվել է 160 000 պետական աշխատող, այդ թվում՝ զինվորականներ: Ինքը՝ Գյուլենը, գտնվում է ԱՄՆ-ում: Նա դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր դեմ հնչող մեղադրանքները: