«Մենք որևէ ազգի պատերազմ չենք հայտարարի». Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը որևէ ազգի դեմ պատերազմ չի հայտարարի: Ռոհանին նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները տեղեկացրել են հավելյալ 1000 հոգանոց զորք Մերձավոր Արևելք ուղարկելու որոշման մասին:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս զարգացումները տեղի են ունենում Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածության սրացման ֆոնին:
«Իրանը որևէ ազգի պատերազմ չի հայտարարի: Մեր դեմ ելնողները փորձառության պակաս ունեցող քաղաքական գործիչների խումբ են: Չնայած, որ ամերիկացիները մեծ ջանքեր են գործադրում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի հետ մեր կապերը կտրելու, Իրանին մեկուսացնելու ուղղությամբ, սակայն նրանք ձախողել են»,-ասել է Ռոհանին:
Հայտնի է, որ ԱՄՆ-ն հավելյալ զորք ուղարկելու որոշման մասին հայտարարել է անցած շաբաթ Օմանի նեղուցում երկու լցանավերի դեմ տեղի ունեցած հարձակումից հետո: ԱՄՆ-ն հարձակման համար մեղադրում է Իրանին՝ պնդելով, որ «բավարար ապացույցներ» ունի:
ԱՄՆ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը մանրամասնել է, որ զորքերի տեղակայումն իրականացվելու է «պաշտպանական նկատառումներով»՝ ակնարկելով Իրանի ներկայացրած «սպառնալիքը»:
Հայտնի է, որ Չինաստանը, արձագանքելով ԱՄՆ-ի որոշմանը, նախազգուշացրել է, որ Վաշինգտոնն իր գործողություններով կարող է մերձարևելյան տարածաշրջանում «Պանդորայի արկղը» բացել: