«Մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ». Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող համատեղ ռազմավարական նախագծերը համապատասխանում են ԱՄՆ-ի, Եվրամիության և հարևան Թուրքիայի շահերին, գրում է apsny.ge-ն:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է:
«Այն ժամանակ, երբ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ»,- ասել է նա:
Զալկալիանին անդրադարձել է նաև Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի գործունեությանը:
«Երկու երկրների միջև սահմանին վերաբերող բանակցություններն իրենց ռազմավարությունն ու հաջորդականությունն ունեն: Վրաստանի կառավարությունը գաղտնի բանակցություններ վարելու մտադրություն չունի: Սահմանի հարցում կարևոր է, որ կողմերը փոխըմբռնման գան»,- նշել է նախարարը: