Արարատ Միրզոյանի դասը ԱՄՆ-ին, Եվրոպային եւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը գրեթե միշտ աչքի է ընկնում, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություններով, մեկ օրում՝ հունիսի 16-ին, մեկը մյուսի հետեւից զարմացրեց հայ եւ միջազգային հանրությանը:
Սկզբում նա հայտարարեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ չի տեսնում, ապա դուրս եկավ միջազգային ասպարեզ եւ դիտողություն արեց ՀՀ-ում ՌԴ դեսպանին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու համար, որից հետո նկատողություն արեց Գագիկ Ծառուկյանին, ապա ի լուր աշխարհի բացականչեց, թե մեզ պատերազմ են հայտարարել, բնականաբար, մեզ ասելով նկատի ունենալով ոչ թե Հայաստանը, այլ իրենց կուսակցությանը:
Վստահաբար կարելի է ասել, որ միայն Ռոբերտ Քոչարյանին քաղաքականությունում չտեսնող, Ռուսաստանի դեսպանին նկատողություն անող, Հայաստանը ՔՊ-ի հետ նույնացնել փորձող մարդը կարող էր անել այն հայտարարությունը, որը լսեցինք ՔՊ-ի համագումարում:
«Ես համոզված եմ, որ չափազանցություն չեմ անի, եթե ասեմ, որ Հայաստանն այսօր ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում։ Այո, ոչ թե ԱՄՆ, այո, ոչ թե Եվրոպան։ Կախված նրանից՝ կհաջողի արդյոք հայկական ժողովրդավորությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում, որովհետեւ վերլուծելով այդ թվում եվրոպական, այդ թվում այլ երկրներում տեղի ունեցող գործընթացները՝ մենք հասկանում ենք, որ ամեն տեղ չէ, որ ամուր է, ամեն տեղ չէ, որ մարդու իրավունքները, ազատությունները խոցելի չեն»:
ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ցնցակաթվածի մեջ են: Վաշինգտոնում եւ Փարիզում, Բեռլինում եւ Լոնդոնում, Ստոկհոլմում եւ Օսլոյում փորձում են հասկանալ, թե ինչ է ասել Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, եւ գուցե հանձնաժողովներ են ստեղծում՝ ուսումնասիրելու իրենց երկրներում մարդու իրավունքների եւ ազատությունների վիճակը: Ի վերջո, եթե Միրզոյան Արարատն ասում է, որ ամեն տեղ չէ, որ մարդու իրավունքները եւ ազատությունները խոցելի չեն, ապա հաստատ հենց այնպես չի ասում:
Գուցե մի փոքր մտածելուց հետո ԱՄՆ-ում եւ Եվրոպայում որոշեն բուծել ֆեյքերի բազմություն, որոնք սոցցանցերում կհայհոյեն եւ կանիծեն գործող իշխանություններին քննադատողներին, գուցե Թրամփը կամք դրսեւորի եւ կոչ անի շրջափակել դատարանները, իսկ Իտալիայի վարչապետ Ջենտիլիոնին համարձակություն ունենա եւ խոստանա «բոմժ» դարձնել նախկին կոռումպացված իշխանությունների ներկայացուցիչներին, ավելացնելով, որ Իտալիայում այլեւս կոռուպցիա չկա:
Ուսումնասիրելով «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի փորձը՝ հաստատ Ֆինլանդիայում եւ Շվեդիայում, ինչպես նաեւ մյուս մեծ ու փոքր երկրներում կալանքը վերջապես կսկսեն օգտագործել որպես անհրաժեշտ ցուցմունք կորզելու միջոց, իսկ անմեղության կանխավարկածը վերջապես հատակի փալաս կդարձնեն:
Հաստատ Թուրքիայում հանրահավաք կկազմակերպեն, որի կազմակերպիչներից մեկը կխոստանա «ցխել» Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահի գլուխը:
Մեծ Բրիտանիայում էլ խորհրդարանական հանձնաժողով կստեղծեն, որտեղ կուսումնասիրեն 1986թ. Ֆոլկենդյան պատերազմի դրվագները, իհարկե՝ չմոռանալով մինչ այդ քրգործեր հարուցել այդ պատերազմի մասնակից մի քանի գեներալների դեմ:
Մի խոսքով, Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ին եւ Եվրոպային, Ռուսաստանին մի լավ դաս տվեց, եւ հիմա պետք է որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը փորձեն բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ եւ շատ արագ շտկեն ՀՀ ԱԺ նախագահի շատ դիպուկ եւ տեղին կշտամբանքը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am