Իրանը կրկին սպառնացել է դուրս գալ միջուկային գործարքից
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է միջուկային գործարքի շրջանակներում իր երկրի պարտականությունները դադարեցնելու մտադրության մասին, եթե գործարքը ստորագրած կողմերը «դրական ազդանշաններ» ցույց չտան:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Ռոհանին հայտարարել է, որ Իրանը չի կարող հավատարիմ մնալ միջուկային գործարքին միակողմանի կարգով:
«Անհրաժեշտ է, որ այդ համաձայնագրի բոլոր կողմերն իրենց ներդրումն ունենան դրա վերականգնման գործում», - նշել է Իրանի նախագահը:
Նա հայտարարել է, որ Իրանում ցանկանում են «դրական ազդանշաններ» տեսնել միջուկային համաձայնագիրը կնքած մյուս երկրներից, այդ թվում` ՌԴ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
Հիշեցնենք, որ միջուկային գործարքից դուրս գալու հավանականության մասին առաջին անգամ Ռոհանին հայտարարել էր մայիսին: