ՕՐՕ-ի հայցով վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին (Տեսանյութ)
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը վարչական դատարանում վիճարկում է ԿԸՀ որոշումը, որով մերժվել էր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժի պահանջը, այն է՝ միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ, թե՝ ոչ:
ՕՐՕ դաշինքի շահերը դատարանում ներկայացնում են փաստաբան Լևոն Օհանյանը, Հրայր Ավանեսյանը եւ Գեղամ Նազարյանը։ ԿԸՀ-ն պատասխանող կողմն է, ներկայացուցիչը հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանն է։
ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանը դատական նիստի է ներկայացել զենքով, որը տեսանելի է։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ միայն զենքի դատարկ պատյանն է։
ԿԸՀ ներկայացուցիչ Գեորգի Մարտիրոսյանը նշեց, որ իրենք հարցը չեն ընդունում ամբողջությամբ. «Որևէ նման պարտավորություն ԿԸՀ֊ի վրա դրված չէ»։
Հայցվոր կողմը ի ցույց դրեց մի դեպք, երբ տղամարդ ընտրողի անձնագիրը անցկացվում է մատնահետքերը ստուգող սարքի միջով, իսկ էկրանի վրա կնոջ նկար է։ ԿԸՀ ներկայացուցիչը պատասխանեց, որ ինքը չի կարող հերքել տվյալ փաստը, սակայն խոսքը ընդամենը մեկ դեպքի մասին է։
Փաստաբան Լևոն Օհանյանը հարց ուղղեց՝ ի՞նչ հիմնավորմամբ է ԿԸՀ-ն պնդում, որ հնարավոր չէ 1500000 մատնահետքերը համադրել։ Գեորգի Մարտիրոսյանը պատասխանեց, որ մասնագետները նշում են՝ դա հնարավոր է իրականացնել երկար ամիսների ընթացքում։
Հայցվորի փաստաբանի խոսքով՝ իրենք կասկած ունեն, որ ԿԸՀ -ն ինչ որ բան է փորձում թաքցնել, հակառակ պարագայում պատճառ չկար իրենց դիմումը մերժելու և մատնահետքերի համադրում չիրականացնելու։ Փաստաբան Օհանյանը հիշեցնում է, որ ԿԸՀ -ն իրենց մերժելու զուտ տեխնիկական պատճառ է բերել։
Կողմերը հանդես եկան եզրափակիչ ճառերով, գործի դատաքննությունն ավարտվեց։
ՕՐՕ -ի հայցով վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին։