Չեմ պատկերացնում, որ Թրամփը հանրապետական թեկնածուի օգտին Սակրամենտոյում քայլերթ անի
Ես շատ ուրախ եմ, որ Աբովյան քաղաքը դիմադրեց այս թավշյա, իշխանազավթման գործընթացին: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հունիսի 9-ի՝ Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններին: Նշենք, որ տեղի ունեցած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտվել էր:
Աշոտյանը հայտնեց, որ շատ ուրախ է ընտրության արդյունքների համար։
«Այդքանից հետո աբովյանցին իր ձայնը տվեց այն թեկնածուին, որին ուզում էր: Բայց հիմա վաճառել դա որպես ժողովրդավարական ձեռքբերում, առնվազն ազնիվ չէ: Նույն այդ թիմը գիշերը, այն տեղամասերից, որտեղ գալիս էր իրենց համար դրական արդյունք՝ տոնախմբություն ու շամպայն էր օգտագործում: Մենք տեսանք՝ ինչպես չկարողացան մինչեւ վերջ դիմադրել այլ համայնքներ: Ինձ համար անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի անհագուրդ տենչանքը՝ ունենալու Հայաստանում տոտալ իշխանություն. ամեն տեղ ունենալու մարդ»,- ասաց Աշոտյանը:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու գործող իշխանությունը քաղաքապետի ընտրության արդյունքները բավականին հանգիստ ընդունեցին, Աշոտյանը չհամաձայնեց. «Ես զարմանում եմ՝ որտեղ եք տեսել այդ հանգիստ արձագանքը, որովհետեւ նախապատրաստական փուլը խիստ անհանգիստ էր, ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ Թրամփը հանրապետական թեկնածուի օգտին Սակրամենտոյում քայլերթ անի: Այնպես որ, մի՛ արեք այդպես, քանի որ դա ազնիվ չէ: Ցանկացած իշխանության ամենամեծ պրոբլեմը ծագում է այն ժամանակ, երբ առաջանում է խզում իրականության եւ քաղաքական ու պետական գործիչների գնահատականների միջեւ: Մեր իշխանությունն էլ սկսեց թուլանալ այն ժամանակ, երբ հանրային դաշտ նետվող քաղաքական գնահատականները չէին համապատասխանում ժողովրդի զգացածին»,- ասաց Աշոտյանը: