ՊՈԱԿ-ների հետ հարաբերությունները կփոխվեն, մենք ոչ մի առճակատման չենք գնալու. Նարինե Թուխիկյան
Խնդիրները շատ են, բայց բոլոր խնդիրները լուծելի են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակված, նախկին ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան):
Նա նշեց, որ դեռ մի քանի ժամ է ինչ նշանակվել է փոխնախարար, և մի քանի րոպեում դժվար է ներկայացնել սպասվող ծրագրերը: «Անշուշտ տեսլականը կա, տարբեր ոլորտներ իրենց լուծումներն են ուզում` օրենսդրական կարգավորումներ, կառավարման խնդիրներ, աշխատանքի նկատմամբ թե՛ նախարարության ներսում, թե՛ ստեղծագործողների հետ հարաբերությունների վերակազմավորում»,-ասաց նա և կարևորեց մարդկանց հետ ճիշտ հարաբերվելը:
Ըստ նրա` մշակույթի ոլորտը միացնելով կրթության և գիտության նախարարությանը, դրանից մշակույթը չի տուժի: «Ընդհակառակը, այդ միավորումով իրենք ներդաշնակորեն սերտաճած կգնան, քանի որ հնարավոր չէ պատկերացնել մշակույթը առանց կրթական տարրի և հակառակը, այնպես որ կրթությունը և մշակույթը շատ համահունչ են»,-ասաց Թուխիկյանը:
Ինչ վերաբերում է Մշակույթի նախկին նախարարության պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ծրագրերը շարունակելուն, նորանշանակ փոխնախարարը նշեց. «Մենք կառուցողական դաշտ ենք մտնում, և եթե կան ծրագրեր, որոնք սկսված են, որոնց նկատմամբ Հայաստանը միջազգային պարտավորություններ ունի, այդ բոլոր ծրագրերը պետք է նայենք և առաջ շարժվենք»:
Նա նշեց, որ որոշ մոտեցումներ աշխատանքի նկատմամբ կփոխվեն:
«ՊՈԱԿ-ների հետ հարաբերությունները կփոխվեն: Մենք ոչ մի առճակատման չենք գնալու, նորմալ հարաբերություններ պետք է ստեղծենք ոլորտում գործող կազմակերպությունների հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ների վերամիավորման հնարավորությանը, Թուխիկյանն ասաց, որ այս պահին նման օրակարգ չկա. «Վերամիավորումը չի կարող հենց այնպես լինել: Եթե երբևէ վերամիավորում պետք է լինի, ուրեմն դա շատ լուրջ մարքեթինգային ուսումնասիրության պետք է ենթարկվի, տրամաբանված լինի: Իսկ եթե ուսումնասիրություն չկա, այդ մասին նույնիսկ ծիծաղելի է խոսել: Ամեն ինչ պետք է հիմնավորված լինի: Ինձ և մյուս փոխնախարար Արայիկ Խզմալյանի համար շատ կարևոր է մարդկային հարաբերություններ վերահաստատելը թատրոնների հետ, արվեստագետների, թանգարանների աշխատողների հետ»:
Հարցին՝ նախկինում նախարարության և արվեստի, մշակույթի գործիչների հետ կապը խզվե՞լ էր, Թուխիկյանն ասաց. «Որոշ առումով նեղացվածության բան կար: Այդ հարցերը շտկելի հարցեր են: Մարդկային փոխհարաբերությունները շատ կարևոր են որևէ հարցում, բայց դա չի նշանակում, որ վատ աշխատողները կամ աշխատել չսիրողները պետք է շարունակեն իրենց աշխատանքը չսիրել: Եթե չեն սիրում, ուրեմն չպետք է շարունակեն աշխատել: Մենք ունենք մեր մշակած քաղաքականությունը: Կա ձգտում դա իրականացնելու, կա պատկերացում, ներուժ, այնպես որ ամեն ինչ առջևում է»,-ասաց նա: