Ակտիվ քննարկվում են Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները
Իհարկե, Ռուսաստանն ունի կարևոր դեր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ այդ թվում՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների վրա, բայց չեմ կարծում, որ ամեն ինչ կախված է նրանից:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն ունի ռազմավարություն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում լարվածություն թույլ չտալու:
«Մենք գործում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց դիրքորոշումն ամփոփոխ է, որ թույլ չտրվի լարվածության աճ: Դրա համար արվում են բոլոր հնարավոր քայլերը:
Ըստ նրա՝ իրենք կողմ են, որ հիմնախնդիրը լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով: «Բայց պարզ է, որ հարցի վերջնական լուծման որոշումը հակամարտության կողմերինն է»,- ասաց նա:
Անդրադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք պետք է ապահովեն վերահսկողության մեխանիզմները սահմանին, Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ կարծում է՝ այդ հարցերը ակտիվորեն քննարկվում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ կազմում:
«Ես չեմ ցանկանում խորասուզվել այդ հարցի մեջ: Ուղիղ ասեմ, որպես ՀՀ-ում դեսպան՝ ես այս քննարկումներում տեղեկացված չեմ»,- ասաց նա: